News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում երկրում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում, հայտնում է Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այսպես են այնտեղ մեկնաբանել Wall Street Journal-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանից դուրս բերվող զորքերը տեղակայել Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ուզբեկստանում եւ Տաջիկստանում:

«Պաշտպանության ոլորտի հիմնարար փաստաթղթերում կան այդ հարցերի պարզ ու հստակ պատասխանները՝ իր տարածքում օտարերկրյա ռազմաբազաների եւ օբյեկտների տեղակայումը թույլ չտալու մասին»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այս սկզբունքը ներառված է եւ սահմանադրության մեջ, եւ արտաքին քաղաքականության հայեցակարգում:

Ռազմական գերատեսչությունը նշել է նաեւ, որ Ուզբեկստանի պաշտպանական քաղաքականությունը հիմնված է արտերկրում խաղաղապահ գործողություններին եւ ռազմական բախումներին չմասնակցելու սկզբունքի վրա:

2001-2005 թվականներին ԱՄՆ-ն օգտվել է Ուզբեկստանի Քաշկադարինի շրջանում գտնվող «Խանաբադ» ռազմական օդանավակայանից, բայց հետո, Տաշքենդի խնդրանքով, զինվորականներին տեղափոխել են Ղրղըզստանի «Մանաս» ավիաբազա:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսվել է մայիսի 1-ին եւ պետք է ավարտվի մինչեւ սեպտեմբերի 11-ը: Դա նախատեսված է այն համաձայնագրով, որը ԱՄՆ-ը եւ արմատական «Թալիբան»-ը ստորագրել են 2020-ին՝ 18 տարվա պատերազմից հետո: Վերջին տվյալների համաձայն, Աֆղանստանում կային ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկերների 10 000-ից էլ քիչ զինվորականներ, այդ թվում` 2500 ամերիկացիներ: Զնվորականների առաքելությունը հիմնականում Աֆղանստանի անվտանգության ուժերին սովորեցնելն ու մարզելն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ