ՀՀ կենտրոնական բանկը կբարձրացնի երկրում տնտեսական աճի կանխատեսումը 2021 թվականի համար: Մայիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի` 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ավելի վաղ, ըստ նրա, տարեվերջին Կենտրոնական բանկը 1.4 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել:
«Հաջորդ կանխատեսումը կարվի հունիսի 15-ին եւ, ամենայն հավանականությամբ, այն ավելի բարձր կլինի՝ հաշվի առնելով տնտեսության վերականգնման գործընթացները»,- ասաց Գալստյանը:
Նա նաեւ նշեց, որ աճում է ինչպես բիզնեսի վարկավորումը, այնպես էլ փոխանցումներն արտերկրից: Այնուամենայնիվ, ըստ Կենտրոնական բանկի ղեկավարի, ցածր ակտիվությունը եւ թույլ պահանջարկը երկրի տնտեսությունում պահպանվում են, ինչն աստիճանաբար կվերականգնվի: «Իսկ թե որքան ժամանակից` կախված կլինի COVID-ի չեզոքացումից»,- շեշտեց Գալստյանը: