News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թատրոնների միաձուլման եւ միավորման գործընթացը բացարձակ օպտիմալացում չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Թատրոնները, նախարարի պաշտոնակատարի խոսքով, առայժմ չեն միավորվել, բայց նման գաղափար ըստ էության կա։ «Այն լիովին տեղավորվում է նախարարության կողմից իրականացվող ճյուղային քաղաքականության մեջ։ Բայց դա ինքնանպատակ չէ։ Այդ ամենը մանրամասն քննարկվել է, եւ խոսքը միայն Կամերային թատրոնի կամ Պարոնյանի անվան թատրոնի մասին չէ։ Մենք այլ կազմակերպություններ էլ ունենք, որոնք լուրջ խնդիրներ ունեն, եւ մենք առաջարկում ենք նրանց ավելի շահավետ պայմաններ»,- ընդգծեց Դումանյանը։

Նախարարի պաշտոնակատարը նաեւ արձագանքեց լրագրողների ակնարկին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի հայտարարության առիթով, որը բավական կոշտ գնահատական էր տվել թատրոնների գործունեությանը՝ հայտարարելով, որ նրանց ամբողջ տարվա ընթացքում մեծ դժվարությամբ է հաջողվում կազմակերպել գոնե մեկ ներկայացում։ «Մենք Հրաչյա Հակոբյանի հետ ոչինչ չենք քննարկել։ Նա արտահայտել է իր անձնական կարծիքը, եւ ես չեմ կարծում, թե արժե, որ ես մեկնաբանեմ նրա հարցազրույցը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ի պատասխան այն նկատառմանը, թե, ըստ որոշ լուրերի, թատրոնի շենքը ցանկանում են վերածել ռեստորանի, Դումանյանն ասաց, որ դա բացառվում է եւ որ նման բան լինել չի կարող սկզբունքորեն։ «Մենք ունենք Պետական սիմֆոնիկ նվագախումբ, եւ այն խորթ զավակ չէ, որպեսզի երկար տարիների ընթացքում իրեն ամրացված շենք չունենա։ Մենք ինչ-որ բան չենք անում ի հաշիվ մյուսի։ Նրանք բոլորը պետական կազմակերպություններ են»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նրա կարծիքով՝ թատրոնների միավորումը հիանալի երեւույթ է, քանի որ կան միություններ, որոնք ոմանց համար իրական փրկություն են։ «Որեւէ կրճատման մասին խոսք լինել չի կարող։ Ենթադրվում է, որ կհաջողվի լուծել Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կապված հարցը»,- ամփոփեց Վահրամ Դումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ