Նիդեռլանդների տվյալների պաշտպանության մարմինը տուգանել է TikTok-ին 750.000 եվրոյի չափով այն բանի համար, որ հավելվածը չի առաջարկել գաղտնիության հայտարարություն հոլանդերեն լեզվով՝ հայտարարելով, որ տեսանյութերի փոխանակման հանրաճանաչ ծրագրից օգտվող շատ երեխաներ չեն կարողանա հասկանալ տեղեկատվությունը, հաղորդել է AP-ն:
Գործակալությունը նշել է, որ հոլանդերենով գաղտնիության հայտարարություններ չառաջարկելով՝ «TikTok-ը չի կարողացել լիարժեք բացատրություն տալ, թե ինչպես է ծրագիրը հավաքում, մշակում եւ օգտագործում անձնական տվյալները»:
Նշվում է, որ Նիդեռլանդներում TikTok-ն ունի շուրջ 3.5 միլիոն օգտատեր, եւ որ գաղտնիության մասին հոլանդական օրենքը «հիմնված է այն սկզբունքի վրա, որ մարդիկ միշտ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է արվում իրենց անձնական տվյալների հետ»:
Տվյալների պաշտպանության մարմինը տեղեկացրել է, որ TikTok-ը «առարկություն է ներկայացրել տուգանքի վերաբերյալ»:
Հոլանդական Consumentenbond սպառողական խումբը նախորդ ամիս հայտարարել էր, որ 1.5 միլիարդ եվրոյի հայց է հարուցում TikTok-ի դեմ՝ օգտատերերի անձնական տվյալների ապօրինի հավաքագրման համար:
Take Back Your Privacy կոչվող խումբը եւ հիմնադրամը TikTok-ից պահանջել են փոխհատուցել 1.2 միլիոնից 1.6 միլիոն հոլանդացի երեխաներին, ովքեր օգտվում են հավելվածից: