News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթից ավելի է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում եւ գործերի մակագրումն իրականացվում է  դատարանների նախագահների կողմից։

«Նախկինում նման կարգ է եղել, երբ դատարանի նախագահն էր մակագրում: Ես որեւէ արտառոց բան այդ ժամանակ չեմ նկատել, բայց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով համակարգչային մակագրության եղանակ է մշակվել, որը, ինչ խոսք, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Տիգրան Սահակյանին լավ ճանաչում եմ, չեմ կարծում, որ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված լինի նրա կողմից ձեռքով մակագրելը: Թե այլ ենթատեքստ կա այդ համակարգիչն առգրավելու հետ կապված, ես չեմ կարող հիմա պատասխանել եւ ինձ թվում է՝ ոչ ոք չի կարող պատասխանել»,- ասաց Ազարյանը։

Հարցին՝ դատարանների նախագահների կողմից գործերի մակագրումը կարո՞ղ է դատարանների նկատմամբ հանրային անվստահություն ունենալ, Ազարյանը պատասխանեց.

«Երբ ես նույնիսկ գործով գնում եմ գրասենյակից, նույնիսկ չեմ էլ նայում։ Ես վստահ եմ եղել, որ ինձ է մակագրված եւ գործը քննել եմ: Գործը մնում է գործ՝ անկախ նրանից՝ բարդ գործ է, թե թեթեւ, դատավորը պարտավոր է իր պարտականությունները կատարել, արդարադատություն իրականացնել, ինչը ես պատրաստ եմ անել նաեւ արձակուրդից վերադառնալուց հետո»։

Հարցին՝ արդյոք մակագրումների նոր համակարգ ներդնելու անհրաժեշտություն ինքը տեսնո՞ւմ է, դատավորն ասաց. «Միգուցե նորամուծություն լինի դրական առումով, չեմ կարող ասել: Չի կարելի ամեն ինչին վատ աչքերով նայել, վատ պրիզմայով: Այլ հարց է, թե նման պայմաններում, երբ հանրությունը խոսում է քաղաքական գործի վերաբերյալ, որ իրականացվում է քաղաքական հետապնդումներ, ես չեմ պնդում, որ այդպես է եւ ոչ էլ բացառում եմ, որ այդպես չէ: Նման պայմաններում հանրության աչքերում այդ փաստն ինչպես կդիտվի՝ չեմ կարող ասել: Հանրությունը առիթ ունի նման ձեւով մտածելու, պետք չէ հանրությանը քննադատել եւ պետք չէ քննադատել դատարանների նախագահներին կամ կոնկրետ ԱԱԾ-ի կողմից քննվող գործի շրջանակներում համակարգիչ առգրավելու հանգամանքը: Այս պահին ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ է կատարվում, հետագայում պարզ կլինի»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության ժամանակ հենց համակարգիչն առգրավվեցին եւ հարցին՝ ադյոք դա զուգադիպությո՞ւն էր, Ազարյանն ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նաեւ զուգադիպությունը»։

Հարցին՝ արդյոք այդպիսով հնարավո՞ր է ճնշում գործադրել դատավորների վրա, Ալեքսանդր Ազարյանն ասաց. «Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախեւառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել։ Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ