News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ մենք երբեք լիարժեք ո՛չ անկախություն ենք ունեցել, առավել ևս  չունենք հոգևոր-գաղափարական անկախություն, նաև՝ քաղաքական անկախություն, հետևաբար, չի կարող զարգանալ իրական ազգային մշակույթը։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մշակութաբան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Ընհանրապես, երբևէ Հայաստանում մշակութային քաղաքականություն չի վարվել և, որքանով տեղյակ եմ, Հայաստանում գոյություն չունի օրենք մշակույթի մասին։

Ամենածիծաղելին այն է, որ մարդիկ, որոնք 2 գրոշի ներդրում չեն արել ազգային մշակույթում կամ հակառակը՝ պղծել են, փչացրել են՝ Սովետին հագուրդ տալով, ասում են՝ ի՞նչ եք այդքան պարում այդ թրիքոտ գեղցու պարերը, բայց ազգի հանճար Կոմիտասը ասում էր՝ եթե ուզում եք տեսնել կատարյալը, հանճարեղը, գնացեք, սովորեք ժողովրդից։

Գինոսյանը նկատում է՝ իրական ազգային մշակույթը միշտ ընդհատակում է եղել. ոչ մի տարի բեմի վրա իրական ազգային մշակույթ, որը խորհրդանշում է հայկական ինքնությունը, երբևէ բեմ չի բարձրացվել պաշտոնական որևէ միջոցառման՝ տարբեր պատրվակներով:

«Դա հստակ վարվող պետական քաղաքականություն է։ Շատ սուր խոսող արվեստի գործիչներին լռեցնելու համար շռայլ մեդալների հրավառություն են կազմակերպում։ Հստակ պետք է լինի մշակութային քաղաքականությունը, որը երբեք չի եղել։ Նախկին իշխանությունների օրոք այդպիսի մեկնաբանություն կար, որ փորձում ենք մշակույթի բոլոր թևերին հավասարաչափ օգտակար լինել, բայց մեկ ֆիլմի վրա ծախսված գումարով 1-2 անսամբլ 1 տարի մեծ գործունեություն կարող է ծավալել, ինչ են տվել այդ ֆիլմերը՝ ոչ ոք չգիտի։ Ոչինչ չի փոխվել, նախարարության բացակայությունն էլ ոչինչ չի փոխել. այն, ինչ կարող է սերնդին ինքնաճանաչում ապահովել, այդ ամենը լուսանցքի մեջ է։

Մշակութաբանի կարծիքով՝ «Գառնու» հեթանոսական տաճարի տարածքում հարսանեկան միջոցառման կազմերպումը վանդալիզմ է:

«Պատկերացնո՞ւմ եք՝ Հռոմի սուրբ Պետրոսի տաճարում կամ բակում ինչ-որ մեկը հարսանիք անի։ Ընդամենը պետք է ազգային իշխանություն ունենալ, ազգային պետություն ստեղծել։ Այդ մարդկանց Գառնին բացարձակ հետաքրքիր չէ, ցանկանում են ասել՝ մեր հարսանիքը Գառնիում է եղել, դա է կարևոր։ Եթե Գառնիի արժեքը իմացող մեկը լիներ, վստահաբար, կմերժեր դա։ Այդ քայլին գնացողն ընդամենը «ես»-ի խնդիր ունի. իր «ես»-ն այնքան մանր է, որ Գառնիի շնորհիվ ուզում է մեծացնել»,- նկատեց Գինոսյանը:

Տպել
Ամենաշատ