News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսլանդիայում սկսել է գործել երկրի մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման աշխարհի ամենամեծ գործարանը: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ նոր տեխնոլոգիան ի վերջո կօգնի կանգնեցնել կլիմայի գլոբալ փոփոխությունը, սակայն մինչ այժմ նորաբաց գործարանը ունակ է կլանել CO2-ի՝համաշխարհային մասշտաբով գրեթե աննշան ծավալ, իսկ որոշ փորձագետներ նույնիսկ կասկածում են, որ տաքացման խնդիրը այս կերպ կարող է լուծվել, հաղորդել է BBC-ն:

«Օրկա» կոչվող գործարանը (իսլանդերեն՝ էներգիա) ամեն տարի մթնոլորտից դուրս կբերի մինչեւ 4000 տոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է մոտ 790 մեքենայի տարեկան արտանետմանը: Ինչպես նշել է Reuters գործակալությունը, անցյալ տարի CO2-ի գլոբալ արտանետումները կազմել են 31.5 միլիարդ տոննա: Իսկ E&E News կայքը գրել է, որ նոր գործարանը ունակ է կլանել ածխով աշխատող մեկ ջերմաէլեկտրակայանի տարեկան արտանետումների 1 տոկոսից պակասը:

Այնուամենայնիվ, «Օրկա»-ի հայտնվելը զգալիորեն մեծացնում է աշխարհում ածխաթթու գազի՝ մթնոլորտից դուրսբերման հնարավորությունները. ըստ Միջազգային էներգետիկ գործակալության՝ այժմ գործում են 15 նմանատիպ գործարաններ, որոնց ընդհանուր տարեկան հզորությունը կազմում է ընդամենը 9 հազար տոննա:

Գործարանը կառուցած շվեյցարական Climeworks ստարտափի հիմնադիրները վստահեցնում են, որ ապագա այս տեխնոլոգիայինն է: «CO2-ի յուրաքանչյուր մոլեկուլ, որը «Օրկա»-ն անջատում է օդից եւ ներմղում է ​​ստորգետնյա պահեստներ, այլեւս երբեք չի նպաստի գլոբալ տաքացմանը», - ասել է համահիմնադիր Քրիստոֆ Գեբալդը: «Սա եզակի եւ ունիկալ հնարավորություն է, սակայն դրա կիրառումը պետք է մեծապես ընդլայնվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ