News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում որոշեց համաձայնություն տալ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող տեղադրելու համար։

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:

2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը:

Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2015թ. հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հրապարակվեց «Համահայկական հռչակագիրը», որով ի լուր ամբողջ աշխարհի ազդարարվում էր հայ ժողովրդի միասնական պայքարի մեկնարկը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար:

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրումով մեկ անգամ ևս լուրջ քայլ կկատարվի հայ ժողովրդի շրջանում ցեղասպանված ժողովրդի բարդույթից ազատվելու և արժանապատիվ ժողովրդի վերածվելու ուղղությամբ:

Հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացրել նաև ՀՀ ԱԳՆ-ն ու Երևանի ավագանու խմբակցությունները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ