News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում զգացմունքները որեւէ կերպ վիրավորել կամ խոցել եմ «գունագեղ տոնակատարություն» ձեւակերպմամբ, բայց պետք է ասեմ, որ սեպտեմբերի 21-ի միջոցառման առանցքում հենց մեր նահատակների հիշատակն է լինելու: Այս մասին կառավարությա հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե ինչպես կարելի է այսպիսի վիճակում գունագեղ տոնակատարություն անցկացնել:

«Մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, Եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, այս իրավիճակում մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով: Միգուցե այդ հարցերով հանձնաժողով ստեղծեինք, 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լա՞վ զբաղվեին»,- հարցրել էր Նազարյանը:

Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ հայտարարել էր, որ այս տարի տոնական տրամադրություն առկա չէ Հայաստանում:

«Բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով, տեսեք՝ մեր դրոշի գույները շատ վառ գույներ են: Ես ուզում եմ ասել, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է,  և ուզում եմ ասել, որ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ-ի անկախության և Արցախյան երեք պատերազմներում և ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ 6 ամիս:

Ներողություն խնդրելով նաև Ձեզնից՝ պիտի մի այսպիսի ցավալի փաստ արձանագրեմ. ՀՀ անկախության որևէ տոնակատարություն մենք չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ մենք չունենանք անհետ կորածներ, երբ մենք չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում (ես, ճիշտ է՝ հիմա չեմ ստուգել այդ փաստը, որպեսզի ասեմ, բայց մենք գիտենք, որ նաև հրադադարից հետո անընդհատ զինվորներ են զոհվել` ոչ միայն պատերազմական պայմաններում, այլև մարտական հերթապահության ընթացքում:

Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի»,- նշեց Փաշինյանի:

Գեղամ Նազարյանն էլ արձագանքեց, որ անկախության օրը պետք է պարտադիր նշվի, բայց ոչ «գունագեղ» շոուով, որովհետեւ մեր տղաները սիրում էին այս երկիրը, զոհվել են այս երկրի համար ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե դրանից հետո սթափվենք ու փոխվենք:

«Այդ տղերքին հանգիստ թողեք, մի ՛օգտագործեք ո՛չ առաջին Արցախյան պատերազմի, ո՛չ երկրորդ, ո՛չ էս պատերազմի տղաների անունները. ուղղակի եկեք զբաղվենք այդ տղերքի, նրանց ծնողների հարցերով:  Դեռ ուշ չէ՝ ամսի 21-ին դեռ օրեր կան, քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվում է ձևաչափը, հնչելու է գոնե միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- նկատեց պատգամավորը, որը զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրն է:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ ի սկզբանե միջոցառումը նախատեսված է եղել հենց այս տրամաբանությամբ:

«Եթե ուշադրություն եք դարձրել, միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» և  «Հայրենիքիս հետ»:  «Հայրենիքիս հետ»-ը Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծության վերնագիրն է, որը նա գրել է 1915 թվականին: Ըստ էության,  մեր այսօրվա մոտեցումը փորձ  է հենց  բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում»,- նկատեց վարչապետը:

Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց նաեւ՝ ինչու՞ այս ողջ ընթացքում գերիների եւ անհետ կորածների հարցով միջգերատեսչական հանձնաժողով չի ստեղծվել:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ վերջին ամիսներին ինքը տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, և,  որ այդ հարցով զբաղվող մարմին կա:

«Ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ես ինքս եմ այդ հարցերը համակարգում, և մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, և բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորն էլ նկատեց, որ մասնավոր հանդիպումները միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին չեն փոխարինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ