News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին կայացավ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի սպորտդահլիճի բացման արարողությունը: Գետաշեն գյուղի 300-ից ավել երեխաներ ու երիտասարդներ այսուհետ հնարավորություն ունեն ստանալու որակյալ սպորտային կրթություն բարեկարգ ու անվտանգ միջավայրում՝ շնորհիվ ՔՈԱՖ-ի բարերարներ Օհանես Ախոյանի ու նրա ընտանիքի, ինչպես նաև Hoops4Hayastan-ի առատաձեռն նվիրատվությունների։

ՔՈԱՖ-ը Գետաշենում սկսել է ծրագրեր իրականացնել դեռևս 2014 թվականից՝ իրականացնելով  բազմաթիվ կրթական ծրագրեր։ Այս պահին համայնքում իրականացվում են ՔՈԱՖ-ի 5 կրթական ծրագրեր՝ նկարչություն, բասկետբոլ, բանավեճի ակումբ, անգլերենի «Աքսես» ու «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագրերը։ 2015թ. ՔՈԱՖ-ը վերանորոգեց Գետաշենի դպրոցը, հիմնեց «ատամնակայան»՝ հատուկ տարածք, որտեղ երեխաները սննդընդունումից հետո լվանում են իրենց ատամները, վերազինեց դպրոցի ճաշարանը, բացեց ստեղծագործարան և մեկնարկեց «Ագրոդպրոց» նախագիծը՝ նպատակ ունենալով երեխաներին փոխանցելու ջերմոցներ հիմնելու ու ագրոբիզնես վարելու հմտություններ։ Ի դեպ, դպրոցին կից ջերմոցի տված բերքն օգտագործվում է դպրոցի ճաշարանի կողմից։

Նոր սպորտդահլիճի կառուցումը համահունչ է ՔՈԱՖ-ի՝ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման ու ապահով միջավայրում նրանց ֆիզիկական կրթությունն ապահովելու առաքելությանը։ Հին սպորտդահլիճն ուներ վնասված տանիք ու հատակ, կոտրված էին ապակիները, չկար ջեռուցման համակարգ և պատշաճ սանհանգույց։ Վերանորոգումից հետո, որն արժեցել է շուրջ 60,000 ԱՄՆ դոլար, նոր սպորտդահլիճն ունի ջեռուցման համակարգ, անհրաժեշտ գույք, ամբողջովին վերանորոգված են տանիքը, հատակները, փոխված են ապակիները, առկա են հանդերձարաններ, ինչպես նաև մարզչի սենյակ։ Նախագիծն իրականացվել է՝ սերտորեն համագործակցելով Գետաշենի դպրոցի տնօրինության հետ։ Արդյունքում՝ սպորտդահլիճը կօգտագործվի ոչ միայն դպրոցի սպորտային դասերի անցկացման, այլև ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրի իրականացման համար։ Բասկետբոլի առաջին խաղն էլ ընկերական էր ու տեղի ունեցավ ՔՈԱՖ-ի անձնակազմի և Գետաշենի դպրոցի թիմերի միջև։

Տպել
Ամենաշատ