News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2 օր առաջ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանը հենց առաջին օրվանից քաղաքապետարանի մի քանի աշխատակցի է ազատել աշխատանքից։

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետի արդեն նախկին խորհրդական Լենա Ջիլավյանը պատմեց, որ ինքն աշխատանքից ազատվել է քաղաքապետի ԺՊ նշանակման հենց առաջին օրը.

«Նշանակման առաջին օրն իրեն չեմ տեսել։ Գնացել եմ տուն, ինձ զանգահարել ու ասել են, որ ես աշխատանքից ազատված եմ»։

Հարցին՝ արդյոք իրեն հայտնի՞ է, թե ինչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, Ջիլավյանը պատասխանեց. «Որոշման պատճառն ինձ հայտնի չէ։ Միայն գիտեմ, որ հայեցողական պաշտոն էի զբաղեցնում արդեն մեկ ամիս եւ, բնականաբար, խորհրդականը նոր ժամանակավոր պաշտոնակատարին ձեռք չի տվել»։

Լենա Ջիլավյանը պատմեց, որ 1974 թվականից աշխատել է Գյումրու քաղաքապետարանում. «1996 թվականից եղել եմ Ֆինանսական բաժնի պետ եւ վերջում՝ Ֆինանսական հարցերով խորհրդական»։

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակից, ոլորտի առաջատար մասնագետ Արա Մաթեւոսյանն էլ այդ առնչությամբ նաեւ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։

Նա պատմել է, որ քաղաքապետարանի հաստիքային աշխատողներին ստիպում են՝ ազատվել աշխատանքից։

Արա Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ներկայանում եմ աշխատանքի՝ Գյումրիի քաղաքապետարան: Անցակետի երկու դռնակներն էլ փակված են, անցակետում մեր ճանաչած երկու աշխատակցուհիները՝ մեկ կին եւ մեկ աղջիկ, տեղում չեն, եւ նրանց փոխարեն մեկ այլ աղջիկ է՝ անծանոթ, կողքին էլ երկու երիտասարդներ, աղջիկը հարցրեց իմ անուն-ազգանունը, ապշեցի․ նման բան 21 տարվա ընթացքում չէր եղել, ասի անունս, աղջկա ձեռքի տակ ինչ-որ ցուցակ էր, հարցրեցի՝ սա ինչպե՞ս հասկանալ: Երիտասարդներից մեկը պատասխանում է՝ այդ աղջիկը այսօրվանից պետք է այստեղ աշխատի, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է ասել: Աղջիկը այնպես արագ գտավ իմ անունը, կարծես թե սպասում էին ինձ, ցուցակ, եւ կայծակնային գտնվեց իմ անունը, ընդսմին՝ քաղաքապետարանի աշխատակիցներս 234-ս ենք, նշանակում է՝ ցուցակը պետք է լիներ մի քանի էջանոց, սակայն աղջկա ձեռքի տակ մեկ հատ թուղթ էր՝ այն էլ հավանաբար սեւ ցուցակ, միեւնույն պահին՝ նկատեցի, որ մի փոքր խորքը շփոթահար կանգնած էին իմ գիտեցած երկու աշխատակցուհիները: Դռնակը բացեցին, ներս մտա, այդ պահին իմ ետեւից գալիս էր փոխքաղաքապետը, վերջինս այդ աղջկանից պահանջեց հրամանը, հասկանալի է՝ նման հրաման չկար ու չէր կարող լինել, փոխքաղաքապետի պահանջով այդ աղջիկն ու երիտասարդները լքեցին անցակետը՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով:

Սա խուլիգանություն է, ներխուժել են համայնքապետարան, հաստիքային աշխատողներին սպառնալով ազատել աշխատանքից: Ընդ որում՝ մեզանից ամեն մեկը տեր է աշխատանքային վիթխարի կենսագրության, հարգարժանության, բայց ահա ականատես ենք անբարոյականության, լպիրշության. թուրքե՛րն են հարձակվել Գյումրիի համայնքապետարանի վրա»։ 

Տպել
Ամենաշատ