
Հայաստանում ընդլայնվում է ռուսաց լեզվի անվճար դասընթացների անցկացման աշխարհագրությունը։ Այս մասին ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ ասաց «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի 21 քաղաքներում երկամսյա անվճար դասընթացներ են անցկացվում, որոնց մասնակցում է 370 երեխա։
«Նոյեմբերի 1-ից նման քաղաքները կլինեն 25, իսկ սովորողների թիվը կհասնի 410-ի։ Եվս մոտ 400 երեխա սպասում է իր հերթին։ Վերջերս մեկնարկեցին Ռուսաստանի պատմության դասընթացները։Բացի այդ, կազմակերպվում են անվճար իրավաբանական խորհրդատվություններ։ Մեր գրադարանում կա մոտ 15 000 գիրք»,-նշեց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ Երեւանում, Արմավիրում եւ Վանաձորում գործում են «Հայաստանում ռուսական կենտրոններ»։
«Մինչեւ տարեվերջ կբացվի եւս երեք նման կենտրոն, այդ թվում՝ Վայոց ձորում»,-եզրափակեց նա։