News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Քրեակատարողական ծառայության 102-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և առաջարկել հոկտեմբերի 19-ը հայտարարել նաև ստուգատեսի օր՝ ամփոփելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջարկելու խնդիրների արագ լուծման տարբերակները։

Կարեն Անդրեասյանը, ի թիվս համակարգում առկա այլ հարցերի՝ կարևորել է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու խոստացել մեկ տարի անց զեկուցել կատարված բարեփոխումների արդյունքները։  «Ինչպես պարեկային ծառայությունը դարձավ նոր սիմվոլը ամբողջ ոստիկանության, այնպես էլ նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշը նոր Քրեակատարողական ծառայության»,- ասել է արդարադատության նախարարը և, կրկին շնորհավորելով ՔԿ ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նրանց նվիրումի ու կատարած բարեխիղճ աշխատանքի համար։

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ևս շնորհավորել է համակարգի աշխատակիցներին Քրեակատարողական ծառայողի օրվա առիթով և ընդգծել, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն բոլորի ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Միջոցառման ավարտին Ծառայության 25 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 20 ծառայող Ծառայության պետի կողմից արժանացել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի։

Տպել
Ամենաշատ