News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2050 թվականը Ասիան կարող է զրկվել լեռներում 20-40 տոկոս սառույցից, եւ դա ուղիղ կերպով կանդրադառնա մոտ 750 մլն մարդու կյանքի վրա։ Նման կանխատեսում է պարունակում երեքշաբթի օրը Ժնեւում հրապարակված զեկույցում, որը պատրաստել է Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը մի շարք գործընկերների հետ համագործակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փորձագետները նշում են, որ 2020 թվականը Ասիայում ամենատաք տարին էր ողջ դիտարկումների ընթացքում։ 2020 թվականին միջին ջերմաստիճանը 1,39 աստիճանով գերազանցել է 1981-2010թթ․ ցուցանիշները։

Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը հիշեցնում է, որ Ասիայում սառցադաշտերի տարածքը կազմում է մոտ 100 հազար քկմ, եւ դա ամենամեծ ծավալն է Երկրի վրա։ Սառցադաշտերը սնուցում են 10 խոշոր  ասիական գետեր։ Ջերմաստիճանը Խաղաղ, Հնդկական եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներում 2020 թվականին ռեկորդային բարձր  է եղել։

Կազմակերպությունը «կլիմայական փոփոխությունների թեժ կետ» է անվանում Բարենցի ծովը՝ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ Արկտիկայում ծովային սառույցի զանգվածի նվազեցումը կհանգեցնի օվկիանոսի էլ ավելի մեծ տաքացման։ Սառույցի հալչումը կհանգեցնի օվկիանոսների մակարդակի բարձրացման։

Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիարեւմտյան հատվածում ջրի մակարդակն ավելի արագ է աճում, քան միջին համաշխարհային տեմպերը, որը 1990-ականների սկզբին կազմել է տարեկան 3,3 մմ։

«Եղանակային եւ կլիմայական վտանգները, հատկապես՝ ջրհեղեղները, փոթորիկները  եւ երաշտը, էական ազդեցություն են ունենում տարածաշրջանի մի շարք երկրների վրա, այդ թվում ազդում պարենային անվտանգության  վրա»,-զեկույցի հրապարակման հետ կապված ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել Ասիայում ներգաղթյալների եւ փախստականների թվի աճին, մարդկանց առողջության համար ռիսկերի մեծացմանն ու սովորական շրջակա միջավայրին կործանմանը։

Ինչպես նշվում է զեկույցում, 2020 թվականին Ասիայում ջրհեղեղների եւ փոթորիկների պատճառով տուժել է 50 մլն մարդ։ Այդ աղետներն ավելի քան 5000 մարդու կյանք են խլել։ Ըստ գնահատականների՝ Չինաստանում նյութական վնասը կազմել է մոտ 238 մլրդ դոլար, Հնդկաստանում՝ 87 մլրդ, Ճապոնիայում՝ 83 մլրդ։ Ինչպես նշում են փորձագետները, 2020 թվականին Հարավային Ասիայում մոտ 305,7 մլն մարդ բախվել է ջրհեղեղների հետ, Հարավարեւելյան Ասիայում՝ 48,8 մլն, իսկ Արեւմտյան Ասիայում՝ 42,3 մլն մարդ։       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ