News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և նրա` Թիֆլիս կատարած առաջին այցելության 105-ամյա հոբելյաններին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ՝ մեծ կոմպոզիտորի հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացել է «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագիրը: Երկօրյա ծրագիրը իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի համագործակցությամբ, օրհնությամբ և աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Միջոցառումներին մասնակցում էր Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հոկտեմբերի 23-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկած միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրին: Միջոցառումը վարում էին կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանը:

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցները, արվեստասեր հանրություն:

Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:

«Ես առաջին անգամ եմ Վրաստանում, իսկ երբ Սպենդիարյանն առաջին անգամ  այցելել է Թիֆլիս, իր կնոջը նամակ է գրել, որ չի կարող շուտ տուն գալ, և մերժել է բոլոր հրավերները, որովհետև այստեղ հյուրը համարվում է սրբություն: Նույն կերպ մեզ ընդունեցին: Շնորհակալություն եմ հայտնում թիֆլիսյան ջերմության համար»,- ողջույնի խոսքում նշել է Մ. Օթարյանը:

Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես է եկել Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս Թինաթին Բարկալայիան:

Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսել է Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը:

«Շատ ուրախ եմ, որ չնայած դժվարություններին՝ մեր մեծերի` Սպենդիարյանի և Թումանյանի օրհնությամբ և մեծ ջանքեր գործադրած մարդկանց շնորհիվ Երևանում գործող երկու թանգարանները կարողացան կյանքի կոչել այս միջոցառումը: Երկու օր պիտի խոսենք այն մեծ կամրջի մասին, որ Թումանյանը փորձում էր լինել աշխարհի որևէ անկյունում գտնվող հայ և վրաց ժողովուրդների միջև: Եվ այդ կարևոր դասը, առաքելությունն ու պատգամն իրենցից ստանալով` պիտի փորձենք այդ ամրությունը հաստատուն պահել»,- նշել է Անի Եղիազարյանը՝ ընդգծելով միջոցառման խորհուրդը:

Հոբելյանական միջոցառումները շարունակվել են հոկտեմբերի 24-ին Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: Ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Նշենք, որ հագեցած 2-օրյա միջոցառումները բարձր են գնահատվել Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի, Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից: Վերջինս Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանին է նվիրել «Զաքարիա Փալիաշվիլի» ալբոմը` փոխադարձաբար ստանալով Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի հոբելյանական հրատարակությունը:

Կոմպոզիտորի՝ Երևանի տուն-թանգարանի տնօրենը դեսպան Ռուբեն Սադոյանին փոխանցել է «Ա. Սպենդիարյան 150» հուշադրամ:

Օրը նշանավորվել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի՝ ի դեմս Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի, և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի, միջև «Համագործակցության հուշագրի» ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարել են մեծ գրողի ժամացույցը:

Թեմի 2 կենտրոններում միջոցառումների ընթացքում հնչել է մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ են ունեցել «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը` կենտրոնի սան Անդրե Ակոբյանի և դհոլի դասարանի ուսուցիչ Սերգեյ Մալխասյանի նվագակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը: Օրվա տոնական ոգուն համահունչ` «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար են հաջորդել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի և դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կատարումները: Ելույթ են ունեցել նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատար Սվետլանա Տատոևան, պրոֆեսոր Էռնստ Առաքելովի՝ ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովը:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նոր դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի…
ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը վերահաստատել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ...
Արայիկ Հարությունյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Ժաննա Անդրեասյանը Վրաստանի ԿԳ նախարարին առաջարկել է ընդլայնել Էրազմուս+ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստանի կրթության և գիտության նախարար  Միխեիլ Չխենկելիին հրավիրել է Հայաստան․․․
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան․ կստորագրվեն մի շարք հուշագրեր
Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ...
Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան. Այն կգլխավորի Ժաննա Անդրեասյանը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ