News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանին։

NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Խաչատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ դատարանը Հայկ Խաչատրյանին դատապարտել է ազատազրկման՝ չորս տարի ժամկետով, միեւնույն ժամանակ դատարանը որոշել է նրա նկատմամբ ընտրված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նրա նկատմամբ որպես փորձաշրջան սահմանելով 3 տարի ժամկետը։

«Դատական ակտը դեռ չենք ստացել, ստանալուն պես բողոքարկելու ենք։ Հայկ Խաչատրյանին մեղավոր ճանաչելու համար դատարանը բավարար ապացույցների համակցություն չի ունեցել։ Այս դատավարությունը հիմնված էր բացառապես մեկ վկայի ցուցմունքի վրա։ Այդ ցուցմունքն էլ եղել է ակնհայտ ուղղորդված, քաղաքական վրեժի շարժառիթից ելնելով։ Այդ վկան, որը ՀՈԱԿ-ի աշխատակցուհին էր, Խաչատրյանի նկատմամբ քաղաքական հայացքներից ելնելով ունենալով հակակրանք, այլ անձանց ուղղորդմամբ, տվել է այդպիսի բովանդակությամբ ցուցմունք։ Այդ ցուցմունքը հերքել են ՀՈԱԿ-ի 51 աշխատակիցներ. այսինքն՝ 51 աշխատակցի ցուցմունք դատարանը մի կողմ է դրել եւ անձին դատապարտել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը) հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը հարկադրել է կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի՝ Գորիս քաղաքում նախատեսված նախընտրական քարոզչությանը, իսկ գրադարանավարուհի Արմիդա Աղաբեկյանին խոչընդոտել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությանը՝ իբրեւ աշխատանքից ազատման սպառնալիք հնչեցնելով եւ անվանելով վերջինիս «դավաճան»։

Տպել
Ամենաշատ