News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Zham.am-ը գրում է. «Ամիսներ առաջ, երբ իշխանությունները փորձում էին ձերբակալել Աշոտ Մինասյանին, բայց դա նրանց չէր հաջողվում, ադրբեջանական լրատվամիջոցներում այս փաստը բացասական էր գնահատվում, անընդհատ նշվում էր, որ «Փաշինյանը վտանգի տակ է, եւ որ ցանկացած պահի կարող է ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, եւ որ Ադրբեջանը դրա պատճառով կկանգնի նոր պատերազմի վտանգի առաջ՝ Հայաստանի նոր իշխանության պայմաններում»:

Եվ ահա այս օրերին, երբ Հայաստանում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է ստեղծվել ու Փաշինյանի կամքին հակառակ դատարաններում որոշումներ չեն լինում, Ադրբեջանը սա գնահատում է այնպես, որ «Հայաստանն արդեն կարող է անշեղորեն գլորվել իր համար Բաքվի եւ Անկարայի կողմից պատրաստած անդունդը»։

Աշոտ Մինասյանը, իհարկե, առանձնահատուկ քաղաքական մարդ չէ, բայց լինելով հայրենասեր ու համարձակ իր կարծիքներում թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում, այսօր մի տեսակ սիմվոլի դեր է կատարում, եւ երբ այս մարդը ձերբակալվում է, նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվում, ու հենց դա են արձանագրել ադրբեջանցիները:

Ավելին, նույն ադրբեջանցիները նշում են, որ իրենք են «հանել տվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին»՝ ակնարկելով, որ Ադրբեջանը ոչ միայն հրապարակայնորեն է հոխորտում Հայաստանի դեմ, այլեւ ակտիվ կուլիսային աշխատանք է տանում Հայաստանի այն հայրենասեր ուժերի դեմ, ովքեր չեն ցանկանում հաշտվել Փաշինյանի ամոթալի քաղաքականության հետ:

Հասկանալի է, որ այս գործընթացներում վաղը՝ իշխանափոխությունից հետո, հարցեր են առաջանալու այն դատավորներին, ովքեր կատարել են գործող իշխանության կամքը։

Փաստացի Հայաստանում ձեւավորվել է մի խմբավորում՝ կազմված ուժային կառույցների, դատախազության, դատավորների, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից, որոնց գործունեությունը ողջունվում է Ադրբեջանի կողմից, ինչը ցույց է տալիս, թե այսօր ինչ իրական ջրբաժան է առաջացել հայ հասարակության մեջ։

Եվ սա «սեւի ու սպիտակի» արհեստական բաժանումը չէ, որ նախկինում էր, ու սրա մասին մտածում են բոլորը, բայց հրապարակավ չեն խոսում։

Հայաստանում տեղի է ունենում «հինգերորդ շարասյուն» ձեւավորելու «սողացող» գործընթաց, որտեղ այդ շրջանակները կարող են չհասկանալ, թե ինչ դեր են խաղում, բայց նրանց աշխատանքի վերջնական արդյունքը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, որից դուրս գալու համար շատ ավելի ֆունդամենտալ որոշումներ են պետք»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ