News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված հոկտեմբեր ամսվա պաշտոնական տեղեկատվության մեջ, ի թիվս այլ բաների, հանրապետության մայրաքաղաքի բնակարանների շուկայի վերաբերյալ տվյալներ են մեջբերվում։

Գնորդների համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում 1 քառ. մետր մակերեսով բնակարանների միջին շուկայական գները, հատկապես հանրապետության մայրաքաղաքում։ Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Երեւանում բնակարանների «քառակուսին» թանկացել է նվազագույն 0.5%-ից (Ավան) մինչեւ առավելագույն 2.3% (Կենտրոն)։

Վերջին տարիներին պաշտոնական հրապարակումներում ներկայացված 1 քառ. մետր մակերեսով բնակարանների շուկայական գինը ըստ ամիսների տարբերվում է միապաղաղ աճով, գործնականում առանց անկման։ Նման դինամիկան, սկզբունքորեն, նպատակ ունի ցույց տալ գների կայուն աճը եւ անշարժ գույքի ոլորտում ներդրումների գրավչությունը։

Վերջին հանգամանքը, տեսականորեն, պետք է խթանի օտարերկրացիների (այդ թվում՝ մեր սփյուռքի ներկայացուցիչների) կողմից անշարժ գույքի գնումը Հայաստանում։ Սակայն, չգիտես ինչու, օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են, քան գնում: Այսպիսով, հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում գնել են 99 բնակարան, վաճառել՝ 121 բնակարան։

Մայրաքաղաքի «հեղինակավոր» թաղամասերում գնաճի գերազանցող տեմպերը հանգեցնում են մայրաքաղաքի թաղամասերի միջեւ բնակարանների արժեքի տարբերության ավելացմանը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Կենտրոնի տարածքում բնակարանների «քառակուսու» արժեքը 3,.5 անգամ ավելի թանկ էր, քան Նուբարաշենում։ Հոկտեմբերին այս հարաբերակցությունը կազմել է 3.6 անգամ։

Աղյուսակներից առաջինում ներկայացված են միջին շուկայական գները հաշվետու հոկտեմբերին՝ ըստ մայրաքաղաքի թաղամասերի (առանց Նորք-Մարաշի) եւ աճը ընթացիկ տարվա հունվարի եւ սեպտեմբերի համեմատ։ Սակայն շատերին՝ թե՛ գնորդներին, թե՛ վաճառողներին, հետաքրքրում են ամերիկյան դոլարով գները։

Երկրորդ աղյուսակում ներկայացված են այս արժույթով բնակարանների մեկ քառակուսու գները հոկտեմբերին եւ դրանց աճը ընթացիկ տարվա հունվարի համեմատ։ Քանի որ այս ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 8.2 տոկոսով, դա հանգեցրել է այս արժույթով բնակարանների «քառակուսու» գների հարաբերական աճի։ Աղյուսակի առանձին սյունակում ներկայացված է միայն տվյալ գործոնով պայմանավորված գների բացարձակ աճը։

Հաշվետու հոկտեմբերին Երեւանում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 1078 գործարք, որը սեպտեմբերի ցուցանիշը գերազանցել է 27 գործարքով (կամ 2.6 տոկոսով)։ Գրաֆիկներից առաջինը ցույց է տալիս գործարքների բաշխվածությունը մայրաքաղաքի շրջաններում՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Ինչպես տեսնում եք, այս վարկանիշում առաջատարն է Արաբկիր համայնքը, որը միջին գներով զբաղեցնում է երկրորդ տեղը Կենտրոնից հետո։

Արաբկիրը հայտնի է գնորդների շրջանում մի շարք պատճառներով: Նախ՝ դրա որոշ թաղամասեր մոտ են մայրաքաղաքի «էլիտար» կենտրոնին։ Երկրորդ՝ այս տարածքում գներն ավելի ընդունելի են միջին եկամուտ ունեցող գնորդների համար՝ համեմատած «թանկ» Կենտրոնի հետ։ Եվ, որ պակաս կարեւոր չէ, այստեղ կան բազմաթիվ նորակառույցներ, որտեղ կարելի է հիփոթեքով բնակարաններ գնել։ Ինչպես հայտնի է, գնորդների որոշակի խմբերի համար գործում են նորակառույց շենքերում բնակարաններ գնելիս հիփոթեքային արտոնությունների ծրագրեր: Հենց այս գործոնները կանխորոշեցին Արաբկիրի՝ մայրաքաղաքում առաջնային դիրքերը։

Երեւանում հիփոթեքային վարկերից հաճախ օգտվում են բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքները՝ հիմնականում պայմանավորված այս կատեգորիայի բնակարանների գնորդների համար նախատեսված արտոնություններից։ Նրանցից շատերը դրամական օգնություն են ստանում ծնողներից։ Եթե, իհարկե, նման հնարավորություն են ունենում։ Նույն նպատակների համար ծառայում է արտերկրից՝ Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մի մասը։

Սակայն հենց նույն Արաբկիր թաղամասում քանի՞ հոգու են հասանելի այդ բնակարանները։ Անգամ հիփոթեքով, բայց առանց արտոնյալ պայմանների։ Այս հարցին պատասխանելու համար մենք կկատարենք հատուկ հաշվարկ: Երկրորդ գրաֆիկում ներկայացված է ընտանիքների միջին ամսական եկամուտը՝ բաժանված 10 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կազմում է երկրի բնակչության 10 տոկոսը։ Նկատենք, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնց հավաստիությանը շատերը կասկածի տակ են դնում՝ դրանք համարելով ուռճացված։ Բացառությամբ, իհարկե, վերջին խմբի եկամուտներից։

Հորիզոնական կարմիր գիծը երկու ցուցիչների հանրագումարն է։ Առաջին ցուցիչը ամենամսյա նվազագույն սպառողական զամբյուղի (մշակված Առողջապահության նախարարության կողմից) արժեքն է մեկ ընտանիքի համար։ Երկրորդ ցուցիչը հիփոթեքի ամսական վճարն է Արաբկիրում միջին չափի բնակարան գնելիս՝ հոկտեմբեր ամսին «քառակուսու» միջին գնով։

Այս հաշվարկը, իհարկե, պայմանական է, քանի որ միջին եկամուտ ունեցող ընտանիքները (եւ առավել եւս՝ «հարուստները») դժվար թե համաձայնեն ապրել այնպիսի նվազագույն մակարդակով, որը նախատեսված է «զամբյուղով»։ Այսինքն՝ նրանց համար գնալով նվազում են ընտանեկան բյուջեից հիփոթեքային վարկերի համար «ազատ» գումար հատկացնելու հնարավորությունները։ Բացի այդ, բանկերում հիփոթեքային վարկերի պայմանները որոշակիորեն տարբեր են։ Իսկ նորակառույցներում բնակարանների գինը նկատելիորեն բարձր է միջին «պաշտոնական» գներից։ Սակայն, ընդհանուր առմամբ, գրաֆիկը օբյեկտիվորեն արտացոլում է իրականությունն այս ոլորտում։

Ինչպես տեսնում եք, երկրի բնակչության 90 տոկոսի համար, նույնիսկ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, մայրաքաղաքի այս հատվածում (ինչպես նաեւ մյուսներում) բնակարանները հասանելի չեն։ Եվ խոսքը ոչ միայն բնակարանների բարձր արժեքի մասին է, այլեւ հիփոթեքային վարկերի բարձր տոկոսադրույքների: Ռուսաստանում, այս տեսակի վարկի հայտնվելով, անեկդոտ առաջացավ՝ «հիփոթեքից օգտվելով՝ մեկ բնակարան գնում ես քեզ համար, երկրորդը՝ բանկի համար»։ Հայաստանում բանկին հիփոթեքային վճարումների ընդհանուր գումարը երկու անգամ գերազանցում է գնված բնակարանի արժեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ