News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը 2022 թ. բյուջեի նախագծի հեղինակների ուշադրությանը  հրավիրեց այն փաստի վրա, որ այնտեղ բացակայում է  ԵԱՏՄ-ի  շրջանակներում ընդհանուր մակրոտնտեսական զարգացման միտումների ազդեցության վերլուծությունը մեր երկրի բյուջետային գործընթացների վրա:

«Ի վեջո մենք ընդհանուր մաքսային միության անդամ ենք և  երրորդ երկրների հետ կազմակերպության ընդհանուր առևտրաշրջանառության հետ կապված իրավիճակը կարող է ազդել մեր  երկրի բյուջե մաքսային մուտքերի ընդհանուր վիճակի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ բյուջետային ուղերձում ԵԱՏՄ-ն հիշատակվում է միայն ռիսկերի գնահատման համատեքստում, սակայն  այս կազմակերպության չիրացված հնարավորություններն ու ներուժը չեն տեսնում:

Նա նաև հասարակության ուշադրությունը հրավիրեց  ժամանակակից Հայաստանում կրթության և կրթվածության խնդրի վրա. «Կան երկու հիմնական գործոններ, որոնք որոշում են ցանկացած ժամանակակից հասարակության հաջողությունն ու լիարժեք զարգացումը:

Առաջինը՝ կրթության հասանելիությունն է որպես մարդկանց  հավասարության ապահովման նախապայման, երկրորդ՝  գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը որպես արժեքի, որն ապահովում է  առաջընթաց և զարգացում: Կա ընկալում, որ ցանկացած ժամանակակից ազգ կարող է իրեն առաջադեմ  համարել ըստ ստեղծած նոր գիտելիքի, այլ ոչ թե արտադրած ապրանքների քանակի և որակի»:

Ա. Գևորգյանի խոսքով, սոցիալական ցանցերն ու հաղորդակցության նոր տեխնոլոգիաները  մարդկանց համար ապահովում են տեղեկատվության  լայն հասանելիություն, սակայն չեն նպաստում դրանց խորը յուրացմանը, այդ տեղեկատվությունը չի վերածվում գիտելիքի: Տեղեկատվության այսպիսի հեշտ հասանելիությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, թյուր  պատկերացումներ է ստեղծում  բավարար գրագիտության և կրթվածության վերաբերյալ, դրանք չեն նպաստում մարդու հիմնարար պատկերացումների և  արժեքների ձևավորմանը սոցիալական բարդ միջավայրում կողմնորոշվելու համար:

«Որակյալ կրթությունն է, որ ձևավորում է անհատի իրական մրցակցային առավելությունը: Հենց ասվածի համատեքստում այսօր հատկապես  արդիական է դառնում որակյալ գիտելիքի և կրթության հարցը»,- ասաց Ա. Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ այս ամբիոնից հնարավորություն ունեցել է խոսել ազգային  կրթական համակարգի անմխիթար վիճակի մասին:

«Հայաստանը շատ առումներով զիջում է  իր տարածաշրջանային հարևաններին: Ցավոք սրտի, 2022 թվականի բյուջեի նախագծում երկրում կրթության և  գիտության  որակի բարձրացման վերաբերյալ իրական մեսիջներ չտեսա:

Օրինակ, ինչպես կազդի  կրթութան և գիտության ոլորտների  ֆինանսավորման բարձրացումը տնտեսական աճի, աշխատանքի արտադրողականության, երկրի նորարարական զարգացման վրա: Կրթության որակի նվազման ռիսկերը հանգեցնելու են մեր նման հասարակությունների երկարատև սոցիալական անկայունության առաջացման և հաստատուն զարգացման կորստի»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Արմեն Գևորգյանը անդրադարձավ նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«21-րդ դարում համարժեք հաղորդակցության խնդիրը յուրաքանչյուր պետության լիարժեք զարգացման և մրցունակության խնդիր է, մեզ համար դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Ցավալի է, որ այս թեման մեր երկրի օրակարգ է մտել  44-օրյա պատերազմի արդյունքներով։ Ի՞նչ է արել  մեր երկիրը, որպեսզի այս հարցը քննարկվի հայկական համատեքստում»,-ասաց նա։

Ա.Գևորգյանի խոսքով, տարածաշրջանում հաղորդակցությունների  ապաշրջափակման առավելություններն ու հնարավոր տնտեսական  հետևանքները դեռևս մնում են քաղաքական գնահատականների ու  նախապատվությունների,  բայց ոչ տնտեսական կանխատեսումների և հաշվարկների մակարդակում: Նա ընդգծեց որ ապաշրջափակման տնտեսական էֆեկտները ուսումասիրված չէ:

«Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում  հաղորդակցությունների ապաշրջափակումը քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական բարդ հարց է և այս կոմպոնենտներից որևէ մեկը չի կարելի անտեսել: Հարավային Կովկասի  աշխարհաքաղաքական նոր  ճարտարապետությունը մեզնից պահանջում է  շատ լուրջ մոտեցումներ:

Եթե մենք նոր իրողություններին վերաբերեցինք սիրողական մակադակով, ապա հետևանքները կարող է լինել նույնքան աղետալի, որքան պատերազմինը: Խաղաղ  բանակցությունները նույնքան ռիսկային են, որքան պատերազմները»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ