News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինչ «աղետ» է գրանցվել բանակցային գործընթացում 2016թ-ին։

Այս տարվա դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016թ․ բանակցային գործընթացում «աղետ է եղել», եւ որ Լեռնային Ղարաբաղը «կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները»։

Հարցին՝ արդյո՞ք դա Ապրիլյան պատերազմի հետեւանքն էր, եւ այդ պատերազմում ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը, Փաշինյանը նկատեց՝  այդ աղետը ե՛ւ Ապրիլյանի պատճառն էր, ե՛ւ դրա հետեւանքը։

«2011թ․ տեղի է ունենում Կազանյան պրոցեսը, որը, չեմ կարող ուրանալ, լավ բովանդակություն ուներ։ Հայաստանը գնում է ստորագրի այդ փաստաթուղթը, դա էր պայմանավորվածությունը, Ադրբեջանը չի ստորագրում, Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել, բայց Ադրբեջանը չստորագրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2017թ․ տված հարցազրույցում ասում էր, որ 1990-ականներին պատրաստ է եղել ստորագրել, որից հետո հայկական կողմի վրա ճնշումներ չէին գործադրվում։ Կազանի փաստաթղթի նրբությունն այն էր, որ ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում, սա սկզբունքային նախադասություն է, որն էլի անթերի չէ։ 2011թ․ չի ստորագրում էս թուղթն Ադրբեջանը, եւ սրանից հետո Ադրբեջանը սկսում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել, 2013թ-ից ռազմական էսկալացիա է սկսում, 2014թ-ին ավելի է խորանում դա, ի հայտ են գալիս առաջին նախանշանները, որ համանախագահողները հայկական կողմին առաջարկում են հրաժարվել այս նախադասությունից․ «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում», որովհետեւ Ադրբեջանը չէր ընդունում դա։ Հայկական կողմը, բնականաբար, չի համաձայնում սրան, մերժում է։ Ռազմական էսկալացիան 2015թ-ին ավելի է մեծանում, եւ 2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ այդ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Պատերազմից հետո՝ հուլիսին, նույն առաջարկը ներկայացնում, եւ հայկական կողմը մերժում է նաեւ այս առաջարկը, եւ օգոստոսին ներկայացվում է արդեն այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ իմ ասած, ակնհայտորեն աղետաբեր ձեւակերպումը։

Ապրիլյան պատերազմն էլ էր հնարավոր կանխել, եթե հայկական կողմն ընդուներ առաջարկը, առնվազն ասեր՝ կքննարկենք, դիվանագիտական ճկունություն դրսեւորեին՝ էնտեղ էլ «փորձառու» դիվանագետներ էին, պատերազմը տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը պատմեց, թե 5 տարից առաջ ինչ խոսակցություն է ունեցել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, եւ թե ինչ է ասել իրենց Կոմանդոսը Ապրիլյան պատերազմի պատճառների մասին։

«Ապրիլյան պատերազմից հետո Արարատի մարզի Սայա-Նովա գյուղում հաշմանդամություն ունեցող անձանց օրվան նվիրված միջոցառում էր, որպես պատգամավոր հրավիրված էի։ Այնտեղ էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ երբ դուրս էինք գալիս, հարցրի նրան՝ Երեւան ե՞ք գնում, նա ծառայողական մեքենայով էր, ասաց՝ հա, առաջարկեցի՝ իրար հետ գնանք։ Ողջ ճանապարհին իր հետ քննարկում էի, ասացի՝ որպես զինվորականի՝ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ ի՞նչ էր Ապրիլյան պատերազմը։ Նա արտահայտեց իր համոզմունքը, ասաց՝ «это была разведка боем», նա իր համոզմունք էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն էր, իսկ դա արվում է, երբ պատերազմական պլան է լինում, մինչ այդ փորձակում են՝ հետագա գործողությունները պլանավորելու համար։

Էն, ինչ կար 2016թ-ի հունվարին, եւ ինչ կար 2016թ-ի օգոստոսին, հունվարինն ավելի լավ էր։ Բանակցությունները հասան այն կետին, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի եւ անիրատեսական են։ Ես, իհարկե, կարող էի պատերազմը կանխել, եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական եւ անընդունելի պայմաններին համաձայնվեի, պատերազմը կկանխեի։ Հիմա էդ ամեն ինչը չընդունելը, գուցե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, ասեի՝ ժողովուրդ ջան, էս ա իրավիճակը, պետք է էս-էս զիջումներին գնալ, կանխել պատերազմը։ Բայց ես պետք է համոզեի ինձ, որ դա ճիշտ է, հիմա չեմ ուզում բաներ ասեմ, թվա, թե ինձ եմ ուզում արդարացնել, ինձ ընդհանրապես արդարացում չկա, հարցը էդ չի։ Բայց երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պատրաստ ենք կանգնելու, ես գամ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնե՞նք։ Հաջորդ օրը ի՞նչ ա լինում՝ ԳՇ պետը հայտարարելու էր, որ ասել ենք՝ կարող են ոչ մի քայլ հետ սկզբունքով կանգնել, էս ի՞նչ ա անում վարչապետը, ժողովուրդ ջան»,- ասաց Փաշինյանը։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ իր թողած բանակցային ժառանգությամբ Արցախը պետք է մնար հայկական։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա չի հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016թ․ Լեռնային Ղարաբաղը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները, վարչապետը արձագանքեց։

«Երբ տեսա այդ հայտարարությունը, զարմացա, որովհետեւ էդ նախադասությունն ուղղակի նախադասություն է, որը բառամթերքի առումով ուղղակի մեջբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե խաղաղություն․  լրջանալու պահը» 1997թ․ գրված հոդվածից, երբ առաջին նախագահն ասում էր, որ հայկական պետք է լինի Արցախը։ Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու»,- նկատեց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց նաեւ, որ օրեր առաջ Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի ընթացքում եռակողմ հանդիպումներից բացի այլ շփումներ էլ են եղել։

«Ոչ թե նստել ու խոսել ենք, այլ ուղղակի նույն դահլիճում մասնակցել ենք, ելույթներ ենք ունեցել, էնտեղ ունեցած խոսակցությունն էլ է շատ կարեւոր։ Իհարկե, մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, ո՞նց կարող է նյուանս լինի, որ չքննարկենք։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաննը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում ԼՂ հակամարտությանն ուղղված հարցեր, ինչ փուլում են բանակցությունները»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչ ապագա է տեսնում իրենց բնօրրանում ապրող արցախահայության համար, նկատեց․ «Արցախահայության համար տեսնում եմ իրենց բնօրրանում ապրոց զարգացող, բարգավաճող ժողովուրդ եւ երկիր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ