News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հատուկ ծառայությունները, տրանսազգային ընկերությունները եւ Ղազախստանի քաղաքացիների մեծ մասը գնալով ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ որտե՞ղ է Նուրսուլթան Նազարբաեւը:

«Նազարբաեւը, ով ղեկավարել է Ղազախստանը 1991-2019 թվականներին, երկար ժամանակ եղել է Կենտրոնական Ասիայի երկրում բոլոր գործարար ու քաղաքական որոշումների դատավորը եւ անձի համապարփակ պաշտամունքը ուղղորդողը: 2019 թվականին նա անձամբ է որպես իրավահաջորդ ընտրել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ կուլիսներում պահպանելով իշխանությունը։ Նրա անունով են վերանվանվել մայրաքաղաքը, օդանավակայանը եւ գլխավոր համալսարանը։

Բայց այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին սկսվեցին անկախության ձեռքբերումից ի վեր ուժեղագույն անկարգությունները, Նազարբաեւը լռում է եւ չի երեւում հանրությանը: Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների եւ դրան հետեւած բռնաճնշումների հետեւանքով զոհվել է 225 մարդ։ Մինչդեռ մարդը, ով այսքան ժամանակ անձնավորում էր Ղազախստանը, պարզապես անհետացել է»,- գրում է The Guardian-ը։

Ոմանք ասում էին, որ նա թաքնվում է Ժնեւյան լճի ափին։ Մյուսները կասկածում էին, որ նա փախել է Դուբայ, մյուսները շշնջում էին, որ նա կարող է մահացած լինել: Իրականում, ըստ մի շարք աղբյուրների, նա մնում է Ղազախստանում, հավանաբար՝ մայրաքաղաք Նուրսուլթանում, այն քաղաքում, որն իր անունն է կրում։

«Այսօրվա դրությամբ իմ վերջին տեղեկությունն այն է, որ Նազարբաեւը ողջ է, եւ Տոկաեւի հետ բուռն բանակցություններ են ընթանում ակտիվների վերաբաշխման շուրջ»,- ասել է Ղազախստանում լավ կապեր ունեցող արեւմտյան նախկին պաշտոնյան:

Տոկաեւը բռնաճնշումներն օգտագործեց, որպեսզի իշխանությանը զրկի իր նախկին բարերարից եւ նրա ընտանիքի անդամներից, որոնցից ոմանց մեղադրում են Տոկաեւին տապալելու եւ իշխանությունը զավթելու համար երկրի դժգոհ տրամադրությունները օգտագործելու մեջ:

«Իշխանության համար պայքարը շարունակվում է։ Չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ հարթ կավարտվի»,- ասել է պաշտոնյան։

Աղբյուրներից մեկը պնդում էր, որ Նազարբաեւը գտնվում է Չինաստանում, սակայն նախկին նախարար եւ Նազարբաեւի խորհրդական Երմուհամետ Երտիսբաեւն ասել է, որ իր նախկին ղեկավարը դեռ Ղազախստանում է։ «Բանակցությունները շարունակվում են, բայց պարզ է, որ Նազարբաեւի դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Երտիսբաեւը։

Թեեւ Տոկաեւը չի քննադատել նախկին առաջնորդին, սակայն կան նշաններ, որ անձի պաշտամունքի վերջը տրված է։ Անկարգությունների ժամանակ տապալված արձանը չի վերանորոգվել, Ալմաթիում Նազարբաեւի պողոտայի փողոցային ցուցանակները, որոնք հանվել էին, այդպես էլ չեն վերականգնվել։

Իշխանությունները ձերբակալել են Նազարբաեւի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Քարիմ Մասիմովին՝ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով։ Շաբաթ օրը հայտարարվեց, որ Նազարբաեւի երկու փեսաներն ազատվել են առանցքային պետական ընկերություններում պաշտոններից։ Հայտնի է, որ մյուս հարազատները փախել են երկրից:

Վերնախավից շատերն այժմ շտապում են իրենց լոյալության մասին տեղեկացնել Տոկաեւին, ասել է լավ կապեր ունեցող գործարար աղբյուրը՝ հավելելով, որ ցանկացած զտումներ կսահմանափակվեն Նազարբաեւի ընտանիքով եւ մերձավոր շրջապատով: «Տոկաեւը խելամիտ տղա է եւ գիտի, թե որքան կարեւոր է երկրի իմիջը։ Նա կգործի սահուն եւ զգույշ: Նա ինքնաձիգից փամփուշտներ չի շաղ տա, նա դիպուկահար հրացանից դիպուկ կկրակի մարդկանց վրա։

«Շատ մարդիկ Նազարբաեւի ճամբարից տեղափոխվում են նախագահ Տոկաեւի կողմը»,- ասել է Երտիսբաեւը, ով, կարծես, ինքն է այդպես վարվել՝ արտահայտելով մտքեր, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ հրապարակայնորեն ասելը ինքնասպանություն կլիներ:

«Կարծում եմ՝ Նազարբաեւը բավական ուշադիր չի դիտել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» հիանալի ֆիլմը»,- ասել է Երտիսբաեւը։ «Կասկած չկա, որ նա անկախ ղազախական պետության հայրն ու հիմնադիրն է, բայց նա կենդանի մարդ է եւ ունի իր թերությունները։ Եւ դրանցից ամենամեծը նրա սենտիմենտալ սերն է իր ընտանիքի եւ կլանի հանդեպ։ Կարծում եմ՝ սա անընդունելի է պետության ղեկավարի համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ