News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանի աշխատանքները պարալիզացված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Գեւորգյանը։

«Հունվար ամսից մեր համայնքապետարանը չի աշխատում, աշխատողները չեն գալիս աշխատանքի՝ դեմ լինելով խոշորացմանը, հետեւաբար ես էլ չեմ գնում աշխատանքի։ Մարդիկ սպասում են, թե ինչ է որոշելու Կառավարությունը»,– ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատարը։

Նշենք, որ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ լինելով խոշորացմանը, դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել։

Մեզ հետ զրույցում Սեմյոնովկայի վարչական ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն ասաց, որ երկու գյուղերի բնակիչները մինչեւ հունվարի 22–ը ժամանակ են տվել Կառավարությանը, որպեսզի հարցին լուծում տրվի, հակառակ դեպքում հունվարի 24–ին դիմելու են ծայրահեղ քայլի՝ ճանապարհ են փակելու։

Ճանապարհ փակելու որոշման մասին տեղեկություն չուներ Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատարը։

«Տեղյակ չեմ, շեֆը Սեմյոնովկայի վարչական ղեկավարի պաշտոնակատարն է, ես այդ հարցերին չեմ  խառնվում»,– ընդգծեց Վահրամ Գեւորգյանը։

Նա կմիանա բողոքի ակցիային, եթե իր առաջ նման պահանջ դնի ժողովուրդը. «Եթե ժողովուրդն առաջարկի ճանապարհ փակել, անպայման ես էլ կմասնակցեմ դրան, բայց հույս ունեմ, որ չեն առաջարկի։ Ժողովուրդն իր խոսքը կասի, Կառավարությունն էլ երեւի ճիշտ լուծում կտա։ Հարցը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, բայց  այս  ընթացքում դեռ արձագանք չի եղել։  Մենք դեռ չգիտենք՝  Ծովագյուղը եւ Սեմյոնովկան Սեւան խոշորացված համայնքի կազմո՞ւմ են, թե՝ ոչ։ Մենք մեր ասելիքն ասել ենք ընտրություններին, մնացածը Կառավարությունը կորոշի, դրանից հետո էլ՝ ժողովուրդը։ Լավ բան կորոշեն, ժողովուրդն անելու բան չի ունենա, լավ չեն որոշի՝ ժողովուրդն իր խոսքը կասի»։

Վահրամ Գեւորգյանի խոսքով՝ Սեւան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դեմ ոչինչ չունեն, ժողովուրդը դեմ է խոշորացմանը։

Սեւան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը չցանկացավ մեկնաբանություն տալ թեմայի առնչությամբ, ընդգծելով միայն. «Ծովագյուղը եւ Սեմյոնովկան կարող են լինել Սեւան խոշորացված համայնքի կազմի մեջ, բայց այս պահին որեւէ հստակ բան չեմ կարող ասել։ Գիտեք, որ ժողովուրդը չի մասնակցել դեկտեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններին։ Այս պահին անորոշ վիճակ է, սպասում ենք»։

Սարգիս Մուրադյանի խոսքով՝ Սեւան խոշորացված համայնքի կազմում 10 համայնք է ընդգրկված, ներառյալ Ծովագյուղը եւ Սեմյոնովկան։

Ավելի վաղ գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդել էին՝ իրենք մեկ մարդու պես որոշել են ու չեն գնացել ընտրության՝ իրենց կամքով։

Մենք շատ լավ ենք ապրում, Աստծո չափ գոհ ենք գյուղապետից, զոռով էլ լինի, չենք միանալու Սեւանին․ Ծովագյուղի բնակիչներ

Տպել