News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. դրանք նպատակ ունեն բարձրացնելու ՏՀՏ կրթության որակը:

Ընդգծելով, որ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը բխում է կրթության ոլորտի գերակայություններից, նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների նախաձեռնողականությունը. «Որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումն ընդհանուր խնդիր է և՛ կրթության, և՛ տնտեսության համար: Ուրախ եմ, որ կրթության ոլորտի և բիզնեսի շահերի համընկնման գիտակցություն է ձևավորվում: Մենք պետք է համատեղենք ջանքերը, որովհետև առանց կրթական համակարգի չի կարող լինել որակյալ մասնագիտական հանրույթ, և հակառակը՝ առանց մասնագիտացված ընկերությունների ուսումնական հաստատություններն ու պետությունը չեն կարող լուծել որակյալ մասնագետներ պատրաստելու հարցը»:

Նախարարի խոսքով` տարիներ շարունակ ՏՏ ընկերությունները շնորհալի երիտասարդներին ներգրավում էին ոլորտ` առաջարկելով եկամտաբեր աշխատանք: Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ մրցունակ երիտասարդ ինժեներ-մասնագետներն այսօր ներգրավված չեն կրթության կազմակերպման գործընթացում: Ըստ Վահրամ Դումանյանի` ոլորտի զարգացումն ապահովվում է ոչ թե առանձին անհատների, այլ մասնագիտական դպրոցի զարգացմամբ:

Իրենց հերթին ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են կրթության համակարգի հետ կապի ամրապնդումն ու համատեղ գործունեությունը:

Նշվել է, որ վերջին տարիներին ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ Հայաստանի 10 ավագ դպրոցներում փորձարկվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաները: ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են քննարկել նաև ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը` հաշվի առնելով, որ այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչից բխող բնագիտամաթեմատիկական և ՏՏ առարկաների դասավանդման հիմնական մոտեցումները` ընդգծելով, որ դրանց հատկացվող ժամաքանակի ծավալն ավելացվել է: Նա նշել է, որ նախկին «Ինֆորմատիկա» առարկան, ըստ նոր չափորոշչի, կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», ինչը ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Առաջարկվող դասընթացի ներդրման հարցը նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նշվել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում է հանրակրթության չափորոշիչը, ըստ որի` միջին դասարաններից ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՏՀՏ ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր է:

Քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀՏ ընկերությունների առաջարկները քննարկելու ավելի լայն մասնագիտական խմբով:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ Հովիկ Մուսայելյանը («Սինոփսիս Արմենիա»), Գագիկ Էվոյանը («Հայլինք»), Արթուր Ղուլյանը («Օպտիմ Արմենիա»), Տիգրան Սիմոնյանը («ԱԿԲԱ բանկ»), Էդուարդ Մուսայելյանը (ՏՀՏ միություն):

Տպել
Ամենաշատ