News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ունեցել ենք կառավարության համար անցանկալի զարգացումներ, եւ գործնականում ի ցույց են դրել դրանք հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ապագայում ՀՀ որեւէ իշխանություն կարո՞ղ է ղազախական նախադեպով եւ նույնպիսի հիմնավորումներով ճնշել ներքաղաքական ընդվզումները ներսում՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին, կարո՞ղ է Փաշինյանը հստակ երաշխավորել, որ նման քայլի չի գնա իր իշխանության համար երկրում անցանկալի ընդդիմադիր գործընթացները ճնշելու նպատակով։

«Նոյեմբերի 9-ից հետո, երբ գրոհի են ենթարկվել կառավարությունը, ԱԺ-ն, կառավարական առանձնատունը, մահափորձ է կատարվել ԱԺ նախագահի նկատմամբ, իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, ուժային գործողություն չի եղել։ Ճանապարհներ են փակված եղել, եւ դրանք բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, արդեն ցույց ենք տվել ներքաղաքական խնդիրներ լուծելու մեր գործիքակազմը, նաեւ արտահերթ ընտրությունների ենք գնացել։ Որ ասում եմ՝ ոչ մի կրակոց չի հնչել, այն պայմաններում, երբ Հայաստանում պատերազմի բերումով անսահմանափակ քանակությամբ զենք է եղել, որը կառավարությունն է բաժանել, ասում են՝ կառավարությունը դավադրություն էր կազմակերպում․ ինչքան մեր դեմ ընդդիմադիր տրամադրված մարդ կար, նրանց զենք ենք տվել, դավադիր իշխանությունն իր նկատմամբ ընդհուպ թշնամաբար տրամադրված շրջանակներին զենք ա՞ տալիս, որտե՞ղ եք տեսել նման տրամաբանություն։ Այլ տեղերից էլ կրակոցներ չեն հնչել նրա շնորհիվ, որ մեր պետական կառույցներն իրենց բարձրության վրա են եղել։ Հարց է հնչում՝ 2018թ․ բա ինչի՞ ՀԱՊԿ-ը չճնշեց հեղափոխությունը, բայց այդ ժամանակ ՀՀ-ում ոչ մի բռնություն տեղի չի ունեցել, ոչ մեկի քթից արյուն չի եկել, էլ չեմ խոսում զոհերի մասին։ Երբ մենք որոշել ենք խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, էնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում բառի բուն իմաստով՝ իրավապահների շրջանում զոհեր կային»,- նկատեց Փաշինյանը։

Հարցին՝ Հայաստանն արդյո՞ք չէր կարող հրաժարվել Ղազախստան խաղաղապահ զորք ուղարկելուց՝ հիմնավորելով, որ Հայաստանի որոշ տարածքներ օկուպացվել են Ադրբեջանի կողմից, եւ ՀԱՊԿ-ի՝ ՀՀ դիմումներին չարձագանքելու պայմաններում ՀՀ ԶՈւ-ն պետք է միայն ՀՀ սահմանների պահպանությամբ զբաղվի, Փաշինյանը նկատեց․

«Առաջին օրվանից մեր գործունեությունն ուղղված է եղել նրան, որ ճգնաժամային արձագանքման մեխանիզմներն ի վերջո կատարելագործենք ՀԱՊԿ-ում, շատ տարօրինակ կլիներ, որ նման իրավիճակ լիներ սեղանին, Հայաստանն ասեր՝ չէ, ես դեմ եմ, մինչդեռ ինքն է հետապնդել այդ օրակարգը։ Հայաստանն ամեն ինչ էլ կարող էր անել, բայց ուզում ե՞նք որ ՀԱՊԿ-ը լինի՝ մեզ, իհարկե, ձեռնտու է որ ՀԱՊԿ-ն արդյունավետ եւ գործող համակարգ լինի, եւ սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են։ Գործնականում նույն օրը, երբ որոշում ենք կայացրել ՀԱՊԿ շրջանակում զորքեր գործուղել Ղազախստան, նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձանագրելով խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հստակ արձանագրել ենք, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինել ինչ-որ ներքաղաքական պրոցեսներում, ՀԱՊԿ ուժերը կարող են միայն զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ։ ՀՀ զինուժն էլ հացի գործարանի պահպանությամբ է զբաղվել, եւ չեմ կարծում դրանում վատ բան կա՝ դա որեւէ կերպ ներքաղաքական իրավիճակի վրա չի ազդում»,- ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ