News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Արցախ Հանրապետության գրավյալ տարածքներում Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը:

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ներկայացնող War.karabakhrecords.info-ն հաղորդում է, որ 2020թ.-ի վերջից Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի իրականցված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է նաև Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին:

«Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու խաչը: Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուտիական»:

Նշվածի ապացույցն է նաև այն, որ 2021 թ. նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր իր ուդիական համայնքի հոգևոր ներկայացուցիչների այց տվյալ եկեղեցի։ Այցի ընթացքում եկեղեցին ներկայացվել էր իբրև «աղվանա-ուտիական մշակութային ոհւշարձան», ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դ., (1333թ.): Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ» (1333):

Պահպանված մեկ այլ արձանագրության մեջ նշվում է. «Շինեցաւ ՌՃՁԴ (1735). այն տարին էր Թահմազ խան: Յիշատակ է զանկատունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին»: Սա հավանաբար եկեղեցու զանգակատան վերանորոգման տարեթիվն է։

Պահպանված հետագա արձանագրությունները ևս վկայում են եկեղեցու տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների մասին:

Վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, հյուրատնից, վիմափոր խցերից, գերեզմանոցից և որմնափակ խաչքարից: Վանքի տարածքում առանձնահատուկ տեղ ունի որմնափակ խաչքարը: Կոթողն ունի 290 սմ լայնություն, 230 սմ հաստություն, շուրջ 4 մետր բարձրություն:

Այն ներկայացնում է «Խաչի երկրորդ գալուստը» թեման. երկու հրեշատակները բերում են խաչը: Այս թեման խաչքարային մշակույթում հայտնի է 12-րդ դարից սկսած: Խաչքարը կանգնեցնելու արձանագրությունը փորագրված է կոթողի գլխակալ կիսակամար քարի վրա․

«Ես Աջամի` որդի Իշխանայ, կանկ/նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ/ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ/ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ/աւթս ձեր (ձեր աղոթքներում՝ խմբ.)` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ: (1346)» :

2020 թվականի ամռանը եկեղեցու տարածքում սկսվել էին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք, սակայն դադարեցվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմի պատճառով»,- հայտնում է աղբյուրը:

Սպիտակ խաչ եկեղեցու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել Մակար Բարխուտարեանցի Արցախ գրքում (էջ 67):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ