News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ջրավազանի մոտ (Ազատության 26/1) կառուցապատման կանաչ պարիսպ է հայտնվել, ինչը նշանակում է, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, չնայած գիտնականների համառ դիմադրւթյանն ու պայքարին, մտադիր է շուտով շինարարություն սկսել։

Գիտաշխատողների պայքարի հերթական փուլի մասին մանրամասներ ներկայացնելով՝  կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոբերտ Հակոբյանը հայտնեց, որ կառավարությանը հղած կենտրոնի նամակները, որոնցով պահանջում էին թույլ չտալ շինարարությունը և ջրավազանը վերադարձնել կենտրոնին, մակագրվել են ՀՀ Գիտությունների ակադեմիային, մինչդեռ ԳԱԱ-ն ինքն էլ է նմանատիպ մի նամակով դիմել գործադիր իշխանության։ Կենտրոնի փոխտնօրենի կարծիքով, սա խոսում է կառավարության դիլետանտության մասին։ Ասում է՝ տեսնում են Ակադեմիայի համակարգի ինստիտուտին է վերաբերում, ավտոմատ մակագրում են ԳԱԱ, առանց խորանալու հարցի էության մեջ։ «Կամ, միգուցե միտումնավո՞ր են հարցը ձգձգում, թողնում են ինքնահոսի, մինչև որ այն ինքն իրեն «կարգավորվի»։ Իսկ ո՞ւր մնացին այդ դեպքում հավաստիացումները գիտության ռազմավարական նշանակության մասին, եթե կառավարությունը գիտնականների համար անգամ մեկ ջրավազան պաշտպանելու ունակ չէ» հետաքրքրվում է Ռ.Հակոբյանը։

Ինչևէ, Գիտությունների ազգային ակադեմիան «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանին առաջարկել է Ակադեմիայի համակարգում գործող մեկ այլ ինստիտուտի՝ չափերով լիովին համարժեք տարածք։ Սակայն կառուցապատողն անդրդվելի է, ինչը, ըստ գիտնականների, նշանակում է, որ ընկերության ծրագրերում հետագայում ինստիտուտի ամբողջ տարածքը յուրացնելն է, իսկ գիտնականներին ուղղակի դուրս թողնելը։

Ըստ Ռոբերտ Հակոբյանի՝ արդեն տարբեր տեղերից իրենց են հասնում խոսակցություններ, որ իբր կենտրոնին այլ տեղ կտան, ավելի լավ պայմաններ կստեղծեն, սակայն բոլորն էլ հասկանում են, որ եթե կենտրոնը ոչնչացվի, այն ոչ ոք չի վերականգնելու։

«Երբ մի 10 տարի առաջ մեր կենտրոնի հետևի մասում շենք էին կառուցում, մեզ պատկանող վիվարիումը քանդեցին, ասելով, որ ավելի լավը կսարքեն։ Բայց ոչինչ էլ չսարքվեց», - ասում է նա։

Հիշեցնենք, որ այս հարցը երկար պատմություն ունի. ծանր 1990-ականներին Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը ջրավազանը հանձնել է թաղապետարանին, իսկ այն օտարել է այդ տարածքը։ Այնուհետև այն ձեռքից ձեռք է անցել, և ի սկզբանե անօրինական գործարքը 10 տարվա վաղեմության ժամկետով «օրինական» է դարձել։ 2019 թվականին այն ձեռք է բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը նախատեսում է ջրավազանի տեղը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։

Հարկ է նշել, որ դեռ 1950-ականներին ստեղծված Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի կառույցներից ոչ մելը պատահական չի եղել, բոլորն ունեցել են իրենց դերը ողջ համալիրում, այդ թվում՝ ջրավազանը, որի գոլորշիները մաքրում էին օդը քիմիական արտանետումներից։

Բարձրահարկ շենքի վերհառնումը հինգ քիմիական մասնաշենքերի արանքում կխաթարի ինստիտուտի ամբողջականությունը, էկոլոգիան, կխանգարի բնականոն գործունեությանը։ Կա և հակառակ ազդեցությունը՝ քիմիական լաբորատորիաների առկայությունը անմիջական հարևանությամբ հազիվ թե հաճելի լինի նոր շենքի բնակիչներին։ Բայց այս փաստարկը ևս չի կանգնեցնում կառուցապատողին, ինչն էլի վկայում է, որ պլաններում ոչ միայն ջրավազանի տարածքի յուրացումն է, այլեւ՝ ողջ քիմիական համալիրի։

Մինչ գիտնականները դեռ սպասում են կառավարության պատասխանին, կառուցապատողն արդեն ավարտել է ջրավազանի տարածքի պարսպապատումը․․․

Անահիտ Սարգսյան

Տպել
Ամենաշատ