44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ ընդառաջ գնալով զոհված զինծառայողների հորդորին։
«Զոհված զինծառայողների ծնողների, մեր հղի կանանց հորդորով ես միանում եմ իրենց պայքարին, բայց հուսով եմ, որ դուք չեք հուսախաբվել իմ խոսքերից, ինչ ասել եմ, դա ուժի մեջ է»,– ասաց նա։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին նա ասաց․ «Եթե մոտակա օրերես հանկարածակի չձերբակալկվեց, հրաժարական չտվեց, կամ ինչպես ասել էի, չփախավ, ամսի 8-ին մեր ձեռից հաստատ չի փախնելու։ Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի լինելու։ Շուշին դժգույն քաղաք համարողն իրավունք չունի հայոց վարչապետ կոչվի»։
Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 25-ին՝ նշելով, որ եթե մինչեւ մայիսի 8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չձերբակալեն, ապա կինքնահրկիզվի։
«Ես գնում եմ ծայրահեղ քայլի, հայտարարում եմ մինչեւ մայիսի 8-ը հացադուլ։ Ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այս կերպ էլ հնարավոր չի ապրել։ Ես չեմ կարող պատկերացնել, թե էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից»,- ապրիլի 25-ին ասել էր Միսակ Ավետիսյանը։











