News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դիմադրության շարժման այսօրվա անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել են նաև լրագրողներ, Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետը խոչընդոտել է Mediahub.am լրատվական կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, նույնիսկ հարվածել օպերատորին։ NEWS.am–ը զրուցել է այդ լրագրողների հետ։

Yerkir.am կայքի լրագրող Լիա Սարգսյանը, որը հրմշտոցի ժամանակ գիտակցություն է կորցրել, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ երթը Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ էր հասել, երբ ոստիկանները եկան և սկսեցին գործողություն անել՝ առանց ցուցարարներին տեղեկացնելու։

«Երբ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթը Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկից թեքվում էր դեպի Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ, անմիջապես մի քանի ավտոբուս ոստիկաններ եկան և առանց հայտարարելու, որ գործողություն են սկսում իրականացնել, պատ կազմեցին և սկսեցին ճանապարհը փակող քաղաքացիներին հրել:

Հրմշտոցի ընթացքում ես հայտնվեցի ոստիկանների և քաղաքացիների արանքում: Ես կրում էի լրագրողական տարբերանշան և իմ ձեռքին կար միկրոֆոն, ընդ որում՝ նրանք նկատել էին ինձ, պարզապես զարմանալի է՝ ինչու նախապես չտեղեկացրին գործողության մասին, որ լրագրողը հասցներ դիրքավորվել: Միջադեպի արդյունքում ես հայտնվեցի գետնին: Ուշագնաց եմ եղել, ձեռքերս տրորվել են»,– պատմեց նա:

Լիա Սարգսյանը նաև նշեց, թե պնդումը, որ ոստիկանությունը չի ճանաչում լրագրողին, որը կրում է տարբերանշան և ունի աշխատանքային գործիք, անընդունելի է:

Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գնունին NEWS.am–ի հետ զրույցում ներկայացրեց իրենց նկարահանող խմբի նկատմամբ Պարեկապահակային ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի թույլ տված գործողությունների մասին։ Նա պատմեց, որ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում իրենց աշխատանքն էին անում առավոտից, լուսաբանում էին ակցիաները, երբ քաղաքացիները փողոցներ էին փակում։

«Հրմշտոց կար, ոստիկանները քաղաքացիներին բերման էին ենթարկում՝ անհամաչափ ուժ կիրառելով:  Երբ մենք նկատեցինք, որ քաղաքացուն քարշ տալով գցում են գետնին, շտապ օգնության մեքենա է ժամանում՝ օգնություն ցույց տալու, և այդ ամենին հանգիստ հետևում է ՊՊԾ պետը, որոշեցինք մոտենալ՝ հասկանալու, թե նա ինչ գործ ունի այդ ժամին այդ հատվածում և տեղի ունեցողի վերաբերյալ նրա կարծիքը»,– պատմեց նա:

Երբ Նարե Գնունին մոտեցել է, փորձել է բարևել, ինչին ՊՊԾ պետը պատասխանել է՝ չե՞ս տեսում՝ հեռախոսով եմ խոսում, ինչից հետո լրագրողը փորձել է հեռանալ, իսկ Սարգիս Հովհաննիսյանը այդ պահին հարվածել է խոսափողին։

«Օպերատորը պարզապես կադրը պահել էր նրա վրա: Նրա օգնականը մոտենում է տեսախցիկին, փորձում է հրմշտոցով մի կողմ տանել: Երբ մենք շարունակում ենք նկարել, քանի որ ամբողջովին ունենք մեր գործունեությունն իրականացնելու իրավունք, ՊՊԾ պետը մոտենում, ոտքով հարվածում է մեր օպերատորին: Երբ ես երկրորդ անգամ եմ փորձում մոտենալ ՊՊԾ պետին և հարցնել՝ արդյոք արդարացված են իր օգնականի գործողությունները, նա ասում է՝ լավ ենք անում, ես հեռախոսով եմ խոսում, դուք մոտենում եք ինձ հարց տալու: Քաղաքացիները, որ նկատեցին, որ մենք քաշքշուկի մեջ ենք, մոտեցան՝ մեզ պաշտպանելու, ՊՊԾ պետին ասացին՝ Դուք պաշտոն ունեք, պետք չէ բարձր ձայնով խոսել լրագրողների և քաղաքացիների հետ, նա ասաց լավ եմ անում և փորձեց հայհոյել, բայց չշարունակեց: Քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել՝ դրա կադրերը կան»,– պատմեց Նարե Գնունին:

Ոստիկաններն այսօրվա անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտել են նաև AntiFake.am լրատվական կայքի լրագրողների աշխատանքը, հարվածել նրանցից մեկին։ AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանը մանրամասներ է պատմել այսօրվա գործողություններից։

«Ոստիկանները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքին, քաշքշում էին։ Դիմակավոր ոստիկանները հրել ու բռունցքով հարվածել են մեր մյուս լրագրողին՝ Դավիթին։ Ես եղել եմ տարբերանշանով, նրանք տեսել են, որ ես լրագրող եմ, բայց իմ աշխատանքային գործունեությանը խոչընդոտել են, քաշքշել են, դիմացս են փակել, թույլ չեն տվել անցնել, նկարել»,– պատմեց նա։

Իշխան Խոսրովյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք իրենց աշխատանքը խոչընդոտելու հարցով ծառայողական քննություն նշանակված է, թե ոչ։ «Առանձնապես հույս էլ չեմ տածում, թե ոստիկանությունն այս գործին ընթացք կտա»,– նշեց նա։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ