News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություն Սերգեյ Ասատրյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Սերյոժա Բենթլի կամ Օսետրինա (Թառափ) Կրտսեր, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա տասը տարվա ազատազրկում է ստացել «հակագողական» հոդվածով եւ հայտնվել է հանրահայտ «Վլադիմիրյան ցենտրալում»։ Այնտեղ Ասատրյանի համար բանտի աշխատակազմի հետ խնդիրներ են առաջացել, եւ նա փաստաբաններին պատմել է, որ բանտապահները կտտանքների են ենթարկել իրեն հոսանքով եւ բարձր երաժշտությամբ։ Պաշտպանը մեկնել է Վլադիմիր՝ օգնելու հաճախորդին, եւ պարզել է, որ նա անհետացել է։  Փաստաբանների կարծիքով՝ Սերյոժա Բենթլին կարող էր հայտնվել ամենադաժան գաղութներից մեկում՝ դառնալով հատուկ ծառայությունների զոհը, որոնք վրեժ են լուծում համագործակցելուց հրաժարվելու համար, գրել է Lenta-ն։

Սերգեյ Ասատրյանը հետխորհրդային ամբողջ տարածքում ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկի՝ Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Օսետրինա) որդին է։ Բենթլի մականունը Ասատրյան-կրտսերն ստացել է իր սիրած մեքենայի մակնիշի անունից. նրան ընդհանրապես լավ ապրելը դուր էր գալիս։

Սերգեյը որոշել է գնալ հոր հետքերով եւ 2008թ. ստացել է օրենքով գողի տիտղոս, ընդ որում՝ այդ պահի դրությամբ ոչ մի անգամ ազատազրկման վայրերում չէր եղել։ Քրեական իր «ռեզյումեի» այդ «թերությունը» Ասատրյանը շտկեց 2011թ.՝ ստանալով առաջին դատվածությունն առողջությանը հասցված ծանր վնասի պատճառով. այնքան էլ պատվավոր հոդված չէ օրենքով գողի համար։

Փոխարենը Ասատրյանի հաջորդ դատվածությունն այն էր, ինչ պետք էր. 2017թ. նա ինը տարի ստացավ, եւ պատիժը պետք է կրեր հատուկ ռեժիմի գաղութում՝ գործարար Կարեն Մխիթարյանից 1,2 մլն դոլար շորթելու պատճառով։ Քննության վարկածով՝ Սերյոժա Բենթլին կոմերսանտին սպառնացել էր հաշիվ տեսնել նրա հետ, իսկ հետո վարձել էր անձը չպարզված մարդկանց, որոնք հրդեհել էին Մխիթարյանի քաղաքամերձ տունը։

Ասատրյանն իր մեղքը չի ընդունել. նա պնդում էր, որ պարզապես Մխիթարյանից պահանջել է վերադարձնել պարտքը։ Ի դեպ, քննությունն ապացույցներ ուներ՝ Սերյոժա Բենթլին կարգին ժամկետ ստացավ։ Նրան դատեցին Սարատովում, իսկ քննչական մեկուսարանում քրեական հեղինակությունը ժամանակն իզուր չէր կորցնում։

Հանցավոր աշխարհում հեղինակություն լինելու ապացույցներ ձեռք բերելով այլ դատապարտյալներից՝ Ասատրյանն իր վստահելի անձանց այսպես կոչված «նայողներ» նշանակեց Սարատովի մարզի ուղղիչ հաստատություններում եւ նախաձեռնեց բանտային ռեժիմի խախտման զանգվածային գործողություններ։

Դատավճռից շատ չանցած՝ Սերյոժա Բենթլիին ուղարկեցին Նիժնի Նովգորոդի քննչական մեկուսարան, որտեղ օրենքով գողին վատ նորություններ էին սպասվում։ Այնտեղ «պրոգոն»՝ գողական ուղերձ էր եկել, որի տակ ստորագրել էին ութ հեղինակավոր հակառակորդներ, այդ թվում ազդեցիկ օրենքով գողեր Դմիտրի Չանտուրիան (Միրոն) եւ Վասիլի  Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Այդ «պրոգոնը» կասկածի տակ էր դնում Սերյոժա Բենթլիի գողական տիտղոսը։

Այդ որոշման պատճառը այն պատմությունն էր, որը տեղի էր ունեցել 2013թ. մարտի 23-ին։ Այդ ժամանակ գողական հավաքում քրեական հեղինակությունների խումբը (այդ թվում Միրոնը) ծեծել էր հայր ու որդի Ասատրյաններին։ Ծեծը (հատկապես այն ծեծը, որի դիմաց վրեժ չի լուծվել) օրենքով գողի համար ահավոր ստորացում է, հենց այդ պատճառով Սերյոժա Բենթլիի հակառակորդները հայտարարել էին, որ նա զրկվել է տիտղոսից։ Ընդ որում՝ նրա հորը տիտղոսից զրկել «պրոգոնի» հեղինակները չէին համարձակվել։

Կես տարի անց՝ 2019թ. ապրիլին, ՌԴ Քր.օր.-ում հայտնվեց 210.1 հոդվածը («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրքի զբաղեցում»)՝ ուղղված օրենքով գողերի դեմ, որով ենթադրվում էր առավելագույն  պատժաչափ՝ մինչեւ 15 տարվա ազատազրկում։ Եվ չնայած Սերյոժա Բենթլին այդ պահի դրությամբ արդեն զրկվել էր տիտղոսից, այդ փաստը քննիչներին որեւէ բանով չխանգարեց։

Ուսումնասիրելով բոլոր ապացույցները՝ Սարատովի մարզային դատարանը Ասատրյանին մեղավոր ճանաչեց ՌԴ Քր.Օր. 210.1 հոդվածով եւ դատապարտեց ութ տարվա ազատազրկման։ Այդ պահին Ասատրյանին դրամաշորթության գործով մնացել էր նստել 3,5 տարի։

Մինչդեռ, գտնվեցին բազմաթիվ վկաներ, որոնք խոսում էին հանցավոր աշխարհում Սերգեյ Ասատրյանի ազդեցության եւ այն մասին, որ նա քանիցս օրենքով գող է ներկայացել։ Բայց այդ բոլոր պատմությունները վերաբերում էին մինչեւ 2019թ. ապրիլ ժամանակաշրջանին, երբ ընդունվեց «հակագողական» հոդվածը, իսկ օրենքը հակադարձ ուժ չունի։

Սերյոժա Բենթլիի գործով հետաքրքիր ապացույցներից մեկը նրա դաջվածքներն են, որոնք ենթարկվել են փորձաքննության։ Քրեագետների եզրակացությունից հետեւում է, որ վերեւ սողացող սարդով դաջվածքը (Ասատրյանն այդպիսի դաջվածք ունի) նշանակում է, որ այն կրողը պրոֆեսիոնալ հանցագործ է, որը մտադիր չէ «կապերը խզել» քրեական աշխարհի հետ։ Փորձագետների կարծիքով՝ ութանկյուն աստղերը սարդի մարմնին եւ թաթերին նշանակում են, որ այն կրող անձը բարձր դիրք է զբաղեցնում հանցավոր հիերարխիայում։ Իսկ Ասատրյանի ծնկների վրայի ութանկյուն աստղերը գաղտանգրված նախադասություն են. «Երբեք ծնկի չեմ գա որեւէ մեկի առջեւ»։

Ի դեպ, արժե նշել, որ նման դաջվածքներ անում են հանցավոր աշխարհի ոչ բոլոր առաջին դեմքերը եւ անգամ նախկին բանտարկյալները։ Մանավանդ որ փորձագետները պարզել են, որ Սերգեյ Ասատրյանն իր դաջվածքներն արել է 2010թ. օգոստոսից ոչ ուշ։ Այն պահին, երբ ՌԴ Քր.օր.-ում հայտնվեց «հակագողական» հոդվածը, դրանք մոտ 11 տարեկան էին։

Ինչեւէ, 2021թ. հոկտեմբերին Սերյոժա Բենթլին հայտնվեց հանրահայտ «Վլադիմիրյան ցենտրալում»։ Այնտեղ, նրա պաշտպանների խոսքով, Ասատրյանը պահվում էր մենախցում՝ մշտական հսկողության ներքո, որտեղ շուրջօրյա բարձր երաժշտություն էր հնչում։ Բանտարկյալն իր փաստաբաններին նաեւ պատմել է, որ իրեն կտտանքների են ենթարկել եւ չորս ամիս զբոսանքի չեն հանել։

2022թ. ապրիլի սկզբին, այն բանից հետո, երբ դատապարտյալի պաշտպաններն աղմուկ բարձրացրին, Ասատրյանին «Վլադիմիրյան ցենտրալից» տեղափոխեցին Նովոսիբիրսկի բանտ, իսկ հետո՝ Կրասնոյարսկի քննչական մեկուսարան, որտեղից նա կորավ։ Նրա փաստաբան Արթուր Ասլամազովին մեկուսարանում միայն տեղեկացրել էին, որ բանտարկյալ չունեն։ Ապրիլի 26-ին պաշտպանն ընդունելության գնաց Կրասնոյարսկի երկրամասի Պատիժների կատարման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) վարչություն։

Փաստաբանի խոսքով՝ Սերյոժա Բենթլին հայտնվել է կազմակերպված հանցավորության գծով աշխատանքի բաժնի ղեկավար, մայոր Ամոսովի մոտ, նա ասել է, որ «գիտի, թե որտեղ է Ասատրյանը , բայց չի ասի»։ Ասլամազովի կարծիքով՝ հենց մայոր Ամոսովն է նրանցից մեկը, որը խառն է իր պաշտպանյալի վրա ճնշում գործադրելու մեջ։ Մայիսի սկզբին բանտարկյալին որոնելիս՝  փաստաբան Ասլամազովն այցելել է Աչինսկի (Կրասնոյարսկի երկրամաս) քննչական մեկուսարան, բայց նրան չեն թողել ներս մտնել։

Պաշտպանի խոսքով՝ 15 րոպե հետո, երբ նա ներկայացրել էր բանտարկյալի հետ տեսակցելու փաստաթղթերը, մեկուսարանում տագնապ է հնչել։ Շենքին մոտեցել են ռոսգվարդիականներն ու ոստիկանները, որոնք փակել են մուտքն ու իբր մեկուսարանում ռումբ փնտրել։ Երբ որոնումներն ավարտվել են, Ասլամազովին տեղեկացրել են, որ փաստաբանների համար բոլոր աշխատասենյակներն զբաղված են։

«ՊԿԴԾ-ի աշխատակիցները պարզապես թաքցրին Ասատրյանին փաստաբաններից։ Ես հասկացա, որ նա Աչինսկում է, միայն մեկ նշանից. հենց որ ես փաստաթղթերը ներկայացրի, որպեսզի պաշտպանյալիս հետ տեսակցեմ, քննչական մեկուսարանում «վարժանքներ» սկսվեցին։ Ես արդեն նման ներկայացումներ տեսել էի Վլադիմիրի մարզում, այդ կերպ պարզապես թաքցնում են բանտարկյալներին»,- ասել է Արթուր Ասլամազովը։

Մայիսի 4-ին  փաստաբան Ասլամազովը վերջապես կարողացավ հանդիպել պաշտպանյալի հետ Աչինսկի քննչական մեկուսարանում։ Սերգեյ Ասատրյանն ասել էր, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ծեծի նշաններ նրա վրա չեն եղել։ Աչինսկի քննչական մեկուսարանը պետք է հերթական փոխանցակետը դառնար բանտարկյալի համար. ըստ կանոնների՝ նա մեկուսարանում կարող է գտնվել 20 օրից ոչ ավելի։

Իսկ քանի որ Ասատրյանը դատապարտվել է բանտային ռեժիմի, նրա սիբիրյան «ոդիսականը» պետք է շարունակվեր Մինուսինսկի կամ Ենիսեյսկի բանտերում։ Բայց մայիսի 17-ին  փաստաբան Արթուր Ասլամազովը պատմել է, որ իր պաշտպանյալն անհետացել է Աչինսկի քննչական մեկուսարանից, սակայն չի հայտնվել բանտերից եւ ոչ մեկում։ Թե որտեղ է այժմ գտնվում Սերյոժա Բենթլին՝ նրա պաշտպանները չգիտեն։

Ինչո՞ւ է Սերգեյ Ասատրյանի ճակատագիրն ազատազրկման վայրերում այսքան տարօրինակ՝ այսօր այս հարցը բաց է մնում։ Իրավապաշտպան Վլադիմիր Օսեչկինի կարծիքով՝ բանն այն է, որ, չնայած հակառակորդների ճիգերին եւ դաժան դատավճռին, Սերյոժա Բենթլին պահպանել է իր բարձր կարգավիճակը հանցավոր աշխարհում։ Եվ չի բացառվում, որ ուժայինները ցանկացել են օգտագործել այդ կարգավիճակն իրենց նպատակների համար, բայց Ասատրյանը  հրաժարվել է համագործակցել նրանց հետ։

Իրավապաշտպանի տվյալներով՝ Ասատրյանը հրաժարվել է ուժայինների հետ գործարքից, եւ այդ ժամանակ նրան առաջարկել են «շրջագայել կտտանքների բոլոր գոտիներով»։ Արդյունքում՝ բանտարկյալին ուղարկել են սկզբում ՊԿԴԾ վարչության Վլադիմիրի մարզի հաստատություններ, իսկ հետո՝ Կրանսոյարսկ։

«Հատուկ ծառայությունները վրեժ են լուծում այն բանի համար, որ նա հրաժարվել է լինել նրանց գաղտնի գործակալը եւ ժամանակին չի կանգնեցրել բանտարկյալներին։ Նրանք համերաշխություն են ցուցաբերել, սկսել են ցուցմունքներ տալ եւ հասել են առաջին նշանային քրեական գործերի հարուցմանը Սարատովի բանտային հիվանդանոցում  կտտանքների մասին։

Այսօր Սերգեյ Ասատրյանի պաշտպանությունն արդեն վեց հայտ է ներկայացրել ՊԿԴԾ-ի դեմ՝ կապված ազատազրկման տարբեր վայրերում իրենց պաշտպանյալների բանտային պայմանների եւ բռնության հետ։ Բանտապահներն առայժմ չեն արձագանքել այդ բողոքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ