News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ընդհանրապես, երբ վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին,  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Իմիջայլոց՝ այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է:

Ես պիտի այսօր նաև հրապարակային ասեմ հետևյալը. գիտեք, այսօր մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին, և այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք ամենատարբեր ժամանակներում, գուցե իրարից անկախ, գուցե իրարից անջատ, երբեմն միասին, պայքարել ենք ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար: Եվ մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել այն: Բայց ուզում եմ արձանագրել. հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև կարծում եմ՝ մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է:

Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետն ու տեսլականը: Բայց կրկին կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը, և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում՝ ուղիղ իրար աչքերի մեջ նայելով, և ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ:

Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև այն վերցնելու և կրելու պատրաստակամություն ու պատասխանատություն»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ