News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ցավոք, երբեմն ոստիկանության գործողություններում ականատես ենք լինում առերևույթ անհամաչափ ուժի կիրառման, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին։

«Այո, նման դեպքեր առկա են, և պետք է նշեմ, որ բոլոր դեպքերում իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս պահին ունենք 47 ծառայողական քննություն։ Ի դեպ, դրանցից մի մասը բազմադրվագ են, և այդ 47-ից 34-ով էլ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն նախապատրաստվել են նյութեր և հարուցվել քրեական գործեր»,– ասաց նա։

Արա Ֆիդանյանը նաև նշեց, որ քաղաքացիների կողմից նույնպես ոչ իրավաչափ գործողությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել, այդ դեպքերի առնչությամբ կա 13 նյութ։

«Շատ են դեպքերը, երբ այդ առերևույթ անհամաչափ ուժը հետևանք է հենց քաղաքացիների կողմից սադրիչ գործողությունների։ Բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, երբ վիրավորական արտահայտություններ են հղում ոստիկանության հասցեին, նաև հայհոյանքներ։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկանության ծառայողներին»,– ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է պատ, որի վրա փակցվում են քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները լուսանկարները, ինչը չի կարող բացասաբար չազդել ոստիկանների վրա։

Ի պատասխան հարցի, թե ինչու ոստիկանությունը չի կիրառում հատուկ միջոցներ, Արա Ֆիդանյանն ասել է, որ ոստիկանությունը ունի բոլոր տեսակի հատուկ միջոցները, սակայն զերծ է մնում որևէ լարումից, այնպես անել, որ բախումներ տեղի չունենան։

«Եվ սա նաև մեր քաղաքականությունն է, որ քաղաքացիները իրենք ևս տեսնեն, որ ոստիկանությունը չի պատրաստվում և մինչ օրս չի կիրառել որևէ հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, այն էլ ընդամենը եղել են վահաններ»,– ասել է նա։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի դեպքը, երբ քաղաքացու թևը կոտրվել էր, երբ  ոստիկանները նրան փորձել էին բերման ենթարկել, Արա Ֆիդանյանը նշել է, որ շատ քիչ դեպքերում են քաղաքացիները համաձայնում կամովին նստել ոստիկանական ավտոմեքենան, մնացած դեպքերում ոստիկանները ստիպված են լինում ուժ կիրառել, քանի որ բերման ենթարկելը նաև ենթադրում է ֆիզիկական ուժի կիրառում։

«Ցավոք այդպիսի իրավիճակներում հնարավոր են նաև որոշակի մարմնական վնասվածքները, ինչի համար հայցում ենք մեր ներողամտությունը»,– ասել է փոխոստիկանապետը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ