News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին, որը Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում, NEWS.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի ու Պոդգորիցայի միջև գործակցության հիմքեր են դրվել դեռևս 1974թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում համատեղ ծրագրեր չեն իրականացվել: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է երկուստեք կապերի ամրապնդման ու գործակցության հաստատման հարցում:

«Պոդգորիցան առաջիններից է, որ դարձել է Երևանի գործընկեր քաղաք, մեր բարեկամությունը շուրջ 50 տարվա պատմություն ունի: Կարծում եմ՝ Ձեր այցը լավ հնարավորություն է՝ նոր թափ հաղորդելու երկու քաղաքների միջև հաստատված գործակցությանը: Վստահ եմ, որ մեր թիմերի համատեղ ջանքերով կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ու ուղղություններ»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի հաստատումը և նշել, որ համատեղ ծրագրերի իրականացման համար կա լայն դաշտ:

«Կարծում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում մենք կարող ենք արդյունավետ ու փոխշահավետ գործընկերություն ծավալել։ Մեզ համար ևս շատ կարևոր է կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում»,- նշել է Իվան Վուկովիչը:

Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն ու Պոդգորիցայի քաղաքապետն այցելել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոց, որն անվանակոչվել է 1984թ.-ին:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ