News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտական հանրությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Պետական գնումների մասին» օրենքում, քանզի այն, մի շարք դեպքերում, արգելակում է գիտական ինստիտուտների գործունեությունը։ Ակադեմիական ինստիտուտների ղեկավարներն այս օրենքի բարեփոխման առաջարկ են ներկայացրել, որի շուրջ կառավարության ներկայացուցիչների և Ազգային ժողովի պատագամավորների հետ խորհրդակցություններ են ընթանում։

Ինչպես պարզաբանեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը, իրենց առաջարկը չի վերաբերում կահույքի կամ գրենական պիտույքների գնմանը, խոսքը հատուկ գիտական սարքավորումների կամ նյութերի մասին է։

«Խոսքն այստեղ ոչ թե սուբյեկտիվ գործոնի մասին է, ոչ թե ինչ-որ իրերի և առարկաների, որոնք տեղական շուկայում արտադրվում են, խոսքը մասնագիտական հետազոտական սարքավորումների, դրանց օժանդակ պարագաների, ծառայությունների, բարձր մաքրության  քիմիական ռեագենտների մասին է», - ասաց նա։

Գործող օրենսդրությամբ ցանկացած ապրանքի ձեռքբերման համար պետական կազմակերպությունները պետգնումների կայքում մրցույթի անցկացման հայտարարություն են տեղադրում, որում մանրամասն ներկայացնում են գնվող ապրանքի տեխնիկական բնութագիրը։ Տեղական արտադրող կամ ներկրող կազմակերպությունները տեղադրում են այդ ապրանքին վերաբերող իրենց առաջարկները, և գնորդը պետք է  ձեռք բերի այն ամենացածր գին առաջարկող մատակարարից։ Թվում է թե ամեն ինչ տրամաբանական է պետական միջոցների օպտիմալ ծախսման տեսանկյունից։

Բայց բանն այն է, որ բարձր ճշգրտության գիտական սարքավորում Հայաստանում չի արտադրվում, և, եթե գտնվում է ներկրող ընկերություն, որը պատրաստ է գիտական կազմակերպությանը տվյալ սարքավորումը մատակարարել, ապա այն արտադրողի վաճառքի գնից էապես թանկ է առաջարկում։ Ավելին՝ շատ ժամանակ գիտական կազմակերպությունների գնման մրցույթին ոչ մի մատակարար չի մասնակցում, քանի որ այդ կազմակերպությունները քիչ քանակությամբ ու հազվագյուտ ապրանքների հայտ են ներկայացնում, որոնք ուղղակի ձեռնտու չէ ներկրելը։ Լինում է նաև, որ մրցույթի արդյունքում առաջարկվում է մի ապրանք, որի տեխնիկական չափանիշները չեն համապատասխանում հայտարարվածին։ Նման դեպքերում գիտական ինստիտուտները ստիպված են լինում մի քանի անգամ մրցույթ հայտարարել։

Ստացվում է, որ ինստիտուտները կորցնում են և՛ ժամանակ, և՛ փող։ Ժամանակի կորուստը բերում է նրան, որ նրանք չեն տեղավորվում դրամաշնորհային ծրագրերով նախատեսած ժամկետների մեջ, կամ էլ խախտում են գործընկերների (այդ թվում արտասահմանյան) հետ պայմանագրային պարտավորությունների ժամկետները։ Գումարային գերածախսը հանգեցնում է նրան, որ գիտական կազմակերպությունների գիտելիքահեն մշակումները, որոնք նրանք փորձում են ապրանքայնացնել, ի սկզբանե անմրցունակ են լինում։

«Խոսվում է գիտության արդյունքների ապրանքայնացման մասին, բայց հենց սկսում ենք ապրանքայնացնել, բախվում ենք մի շարք խնդիրների։ Մասնավորապես, գնումների օրենքով հումքերի, օժանդակ պարագաների ձեռք բերման դեպքում դառնում ես շուկայում ոչ մրցունակ, բավականին բարձր ինքնարժեք է ձևավորվում դրանից, որովհետև մենք հնարավորություն չունենք ուղիղ գնում կատարելու, գնի վերաբերյալ սակարկություններ, քննարկումներ անելու։ Այսինքն, մրցույթի արդյունքում ինչ գին ներկայացնում են, դրանով ստիպված ենք ձեռք բերել։

Հաջորդ կարևոր խնդիրը։ Օրինակ, մեր կենտրոնում գործում է ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրություն, որոնք իրացվում են եվրոպական շուկայում։ Մենք նախապես չգիտենք, ինչ պատվեր կունենանք, որպեսզի այդ ռեագենտները պահեստավորենք։ Երբ ստանում ենք պատվերը, որոշակի ժամանակահատվածում պարտավոր ենք մատակարարել ապրանքը։ Պատվերը ստանալուց մինչև վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածում որևէ մեխանիզմով հնարավոր չի լինում ձեռք բերել այդ նյութերը։ Եվ ժամկետներն են խախտվում, և գնային առումով ենք տուժում», - պարզաբանեց նա, հավելելով, որ այս խնդիրներն առաջին հայացքից տեխնիկական են թվում, բայց երբ դրանց բախվում ես գրեթե ամեն օր, այդ խնդիրները լուրջ բացասական հետևանք են թողնում կենտրոնի ընդհանուր գործունեության վրա։

Եվս մեկ խնդիր, որի վրա կենտրոնի տնօրենը կցանկանար հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը, այն է, որ պետական գիտական կազմակերպություններին տեղական գնման գործընթացներում որոշակի արտոնություններ տրվեն՝ սեփական գիտելիքահեն արտադրությունները խթանելու նպատակով։

Ըստ Ավետիս Ծատուրյանի, գիտական կազմակերպությունների ղեկավարներն այս խնդիրների վերաբերյալ տարբեր ատյաններում բարձրաձայնել են, և ԱԺ-ում վերջերս քննարկում է ծավալվել, որի ժամանակ պատկան մարմինների ներկայացուցիչները խոստացել են դիտարկել նրանց առաջարկությունները։

Ի՞նչ են առաջարկում գիտական կազմակերպությունների ղեկավարները․

1․ Ավելացնել գնումների բազային միավորը, գործող 1 մլն դրամից դարձնելով 3 կամ 5 մլն։

2․Արտաբյուջետային միջոցներն ազատել գնումների ընթացակարգից։

3․  Եթե հիմնավորված է, որ ուղիղ գնման դեպքում տվյալ գիտական սարքավորումը հնարավոր է ավելի էժան ձեռք բերել, քան մրցույթի արդյունքում ձևավորվող գինն է, հնարավորություն տալ ուղիղ գնում կատարել արտադրողից կամ տարածքային ներկայացուցչությունից։

4․ Գիտական արդյունքի ձևավորման, ապրանքայնացման կազմակերպման համար անհրաժեշտ հումքերի և պարագաների ձեռք բերումը ևս ազատել գնումների ընթացակարգից, ինչը հնարավորություն կտա ունենալ մրցունակ, շուկայական գներ, և ավելի ճկուն արձագանքել շուկայի պահանջներին։

Ըստ Ավետիս Ծատուրյանի, առաջարկվում է ուղիղ գնումները կատարել որևէ լիազոր մարմնի թույլտվությամբ, օրինակ՝ գիտության կոմիտեի, կամ ԳԱԱ նախագահության։

 «Քավ լիցի, մենք դեմ չենք որևէ դաշտի օրենսդրական կարգավորումներին և աշխատել ենք, և շարունակում ենք աշխատել օրենքի պահանջներին համահունչ։ Սակայն եթե դժգոհությունն ընդհանուր է, և այս ընթացակարգը շատ դեպքերում խոչընդոտում է աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, լավ կլինի, որ վերանայենք ամբողջ ընթացակարգը, հիմք ընդունենք դաշտի բոլոր ներկայացուցիչների առարկությունները, առաջարկությունները, և փորձենք դարձնել ավելի լավը այն առումով, որպիսզի հնարավոր լինի ձեռք բերել գիտության համար անհրաժեշտ սարքավորումները, գիտաչափական, վերլուծական, խիստ նեղ մասնագիտական սարքավորումները, որոնք երբեմն պատվիրվում են պատվիրատուի որոշակի պահանջներին համապատասխան», - ասաց նա։

Նշենք, որ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական միավորումը միակ կենսատեխնոլոգիական կառույցն է Հայաստանում, և մշտապես իր գիտական հիմնարար հետազոտությունների առավել արժեքավոր արդյունքները տարել է դեպի ապրանքայնացում։ Այն երկար տարիներ ղեկավարել է ԳԱԱ այժմյան նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, որի ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել կենտրոնի աշխատանքները խորհրդային տարիներից հետո։

Մասնավորապես, կենտրոնում այսօր գործում են էնանտիոմերապես մաքուր ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրությունը, որն արտահանվում է եվրոպական երկրներ, «Նարինե» կաթնաթթվային բուժկանխարգելիչ և դիետիկ մթերքի արտադրությունը,  պատիճավորված «Նարինե» լիոֆիլիզացված կենսաբանորեն ակտիվ հավելման արտադրությունը, «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը, որը, որպես պրոֆիլակտիկ միջոց, ցուցված է 2-րդ կարգի շաքարային դիաբետի ժամանակ, էկոլոգիապես մաքուր «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ պլուս» կենսապարարտանյութերի  արտադրությունը, որը մեծ արձագանք ունի հանրապետությունում և շատ ֆերմերական ընկերությունների կողմից օգտագործվում է։

Կենտրոնում գործում է նաև դեղապատրաստուկների և բնական բուսական յուղերի արտադրություն։

Անահիտ Սարգսյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ