News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացի-վարչական մարմին շփումը տեղափոխել նոր հարթակ, բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչության գործառույթները քաղաքացիների համար դարձնել առավել թափանցիկ ու հասանելի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ որդեգրված մոտեցումների իրականացման նպատակով հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը անձնագրային և վիզաների վարչության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու ոլորտին վերաբերող տեղեկատվության ամբողջական ներկայացումն է։ Կայքը հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով, հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու համար օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի նմուշների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։

Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Իրականացվող բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն ունեն նաև անձնագրային և վիզաների վարչության ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ վերջին շրջանում կատարված փոփոխությունները, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ և կրում են շարունակական բնույթ։ Նոր կարգավորումներն անմիջականորեն արտացոլվել են և հետագայում ևս կտեղադրվեն կայքում՝ համապատասխան հղումներով, պարզաբանումներով՝ կայքի այցելուներին հնարավորություն ընձեռելով ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ պահին գործող օրենսդրության, կատարված փոփոխությունների, դրանց հիմնավորումների և այլ հարցերի վերաբերյալ։

Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Մյուս կարևոր բարեփոխումը հերթերը կանոնակարգող սարքավորումների տեղադրումն է։ Անձնագրային և վիզաների վաչությունը որդեգրել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարությանը համընթաց շարժվելու ուղղվածություն և ռազմավարություն։ Անմասն չմնալով նշված սկզբունքներին՝ տևական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել հերթերը կանոնակարգող սարքավորումներ։ Սարքավորումները տեղադրվել են Երևանի անձնագրային բոլոր ծառայություններում, մարզկենտրոններում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներում։ Տերմինալների տեղադրումը հնարավորություն է ընձեռել թեթևացնել և կանոնակարգել ԱՎ վարչության հերթերը, նպաստել քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցմանը, վարչության գործառույթների արդյունավետ կազմակերպմանը, ստորաբաժանումների գործունեության պատշաճ կառավարմանն ու վերահսկողությանը:

Կատարված զգալի աշխատանքին զուգահեռ, առաջիկայում անձնագրային և վիզաների վարչության գործունեության և սպասարկման ոլորտում նոր՝ թվային լուծումներ ներդնելու և մատուցվող ծառայություններն առավել առաջադեմ դարձնելու ուղղությամբ փոփոխությունները լինելու են շարունակական։

 

Տպել
Ամենաշատ