News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Եթե ընդդիմադիր 33 պատգամավորները զրկվեն մանդատներից եւ ցուցակի հաջորդ թեկնածուները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա Ազգային ժողովը կկարողանա գործել միայն իշխող խմբակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Եռամսյակի ավարտից հետո Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում բացակայությունների վերաբերյալ տեղեկանք, եւ կեսից ավելի անհարգելի բացակայությունների դեպքում նախագահը հրավիրում է խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի մանդատից զրկելու հարցը։ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցն առանձին պետք է քննարկի, ինչն իրենց ներկայացրած կանոնակարգով ներկայացված չէ։ Ընդորում՝ պատգամավորը պետք է ծանուցվի այդ նիստի վերաբերյալ։ Եթե պատգամավորները վաղվա նիստին չներկայանան, նիստը կհետաձգվի մեկ շաբաթով։ Մեկ շաբաթ անց նույն հարցը կարող է քննարկվել նաեւ առանց պատգամավորների ներկայության։ Այս դեպքում ոչ բոլորը պատգամավորներն են, որ անցել են թույլատրելի բացակայությունների շեմը, եւ հենց ՍԴ-ն չի կարող բավարարել այդ դիմումները»,- նշեց Մելոյանը։

Եթե, այնուամենայնիվ, գործը հասավ Սահմանադրական դատարանին, Մելոյանի խոսքով, պատգամավորները ի վիճակի կլինեն իրենց փաստերը ներկայացնել։

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը տալիս է հարգելի բացակայությունների ցանկը, եւ լավ կլիներ, որ ընդդիադիր ուժերի կողմից իրենց սահմանդրական իրավունքի իրացման հիմքով բացակայությունները եւս հարգելիների շարքում դասվեն։ Այս պատգամավորներն իրենց քմահաճությունների համար չեն բացակայել, այլ իրենց ընտրողների կամքին համահունչ գործունություն են ծավալել։ Այս դրույթը

նախատեսված է իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարող պատգամավորների համար, իսկ սա այս դեպքը չէ»,- ասաց Մելոյանը։

Ի՞նչ կլինի այն պարագայում, եթե 33 պատգամավորները զրկվեն իրենց մանդատների, իսկ դաշինքների ցուցակների հաջորդ համարները չվերցնեն մանդատները։ Մելոյանի խոսքով՝ այդ պարագայում Ազգային ժողովը կշարունակի գործել միայն իշխող խմբակցության առկայությամբ։

«Նման թյուր տեսակետ կա, որը կար նաեւ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ ասում էին, թե եթե երկու խմբակցությունները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա խորհրդարան կանցնեն հաջորդ ավելի շատ ձայներ հավաքած ուժերը, սակայն նման հնարավորություն չկա։ Չի կարող նաեւ լուծարվել Ազգային ժողովը։ Իշխող ուժն ունի որակյալ մեծամասնություն եւ կարող է առանց խորշելու ցանկացած որոշում ընդունել»,- ընդգծեց Մելոյանը։

Տպել
Ամենաշատ