News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մինչ Հայաստանից Արցախ տանող եւ Կոռնիձորով հետադարձ հիմնական ճանապարհի շահագործման հանձնելը, կգործի ժամանակավոր ասֆալտապատ ճանապարհ, որը նոր ճանապարհը կկապի Աղավնոյի վերին հատվածի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սկզբում նախատեսվում էր, որ կլինի 4,7 կմ երկարությամբ գրունտային ճանապարհ, հետո որոշվեց, որ ճանապարհն ամբողջությամբ կասֆալտապատվի»,- նշեց նա։

Ստեփանյանը նկարագրեց Հայաստանից Արցախ ժամանակավոր երթուղին։ Այն կանցնի Գորիսով, Տեղ գյուղով՝ մինչեւ Արցախի սահման։ Այն հատվածում, որտեղ ճանապարհը տանում է դեպի Աղավնո, երթուղին արդեն կանցնի ոչ թե Աղավնոյով, այլ դեպի աջ անցնող ճանապարհով, որտեղից սկսվում է նոր ճանապարհի մուտքը։

Արցախի օմբուդսմենը պարզաբանեց, որ մինչեւ գարուն, այսինքն մինչեւ նոր գլխավոր ճանապարհի շինարարության ավարտն այս ժամանակավոր ճանապարհը կգործի։

«Ժամանակավոր ճանապարհի գործարկման մասին պայմանավորվածությունը նոր չէ, այն ձեռք է բերվել օգոստոսի սկզբին, էսկալացիայի շրջանում, երբ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում։ Հաշվի առնելով, որ Կոռնիձոր տանող նոր ճանապարհը մինչեւ 2023 թվականի գարուն պատրաստ չի լինի, ձեռք է բերվել այս պայմանավորվածությունը։

Ռուս խաղաղապահները կտեղակայվեն այս ժամանակավոր ճանապարհի երկայնքով մինչեւ նոր հիմնական այլընտրանքային ճանապարհի ավարտը։ Իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո խաղաղապահները կտեղափոխվեն նոր գլխավոր ճանապարհ։

Վաղը ժամը 20:00-ից, երբ գործող ճանապարհը կփակվի, ժամանակավոր ճանապարհի երկայնքով կգործեն ռուս խաղաղապահների բոլոր անցակետերը։ Այժմ այս ճանապարհի երկայնքով խաղաղապահների տեղակայման աշխատանքները ավարտական փուլում են»,- ընդգծեց Ստեփանյանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանից Արցախ ճանապարհի երկարությունը կարող է ավելանալ 3-4 կիլոմետրով։

Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհուրդն այսօրվա քննարկումների արդյունքներով օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից որոշել է Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի Բերդաձոր ենթաշրջանի տարածքով։ Նախկին ճանապարհը, ինչպես նաեւ նրա հարեւանությամբ գտնվող բնակավայրերը (Բերձոր, Աղավնո եւ Սուս) օրեր առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ