News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Իրաքին Թեհրանի եւ Էր-Ռիադի մերձեցման հարցում նրա միջնորդության համար՝ նշելով, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը կծառայի տարածաշրջանային անվտանգությանը։ Այս մասին Ռայիսին ասել է երկուշաբթի օրը Թեհրանում այցով գտնվող Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպմանը, փոխանցում է Tasnim-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Իրաքի դրական դերը տարածաշրջանային իրադարձություններում։

«Իրաքի կողմից առաջարկված նախաձեռնությունները եւ ձեռնարկված միջոցները տարածաշրջանային երկրների միջեւ արտաքին միջամտությունից զերծ համագործակցությունը բարելավելու համար արդյունավետ դեր են խաղում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում»,- ընդգծել է նա։

Ռայիսին նշել է, որ Իրաքի միջնորդությամբ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների հինգ փուլերը դրական եւ օգտակար են եղել՝ ընդգծելով, որ այս բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջեւ փոխգործակցության հետագա զարգացման համար։

«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնումն ու հետագա ամրապնդումը կբխի տարածաշրջանային անվտանգության շահերից»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նաեւ ընդգծել է, որ Իրաքում անվտանգության եւ կայունության հաստատումը հնարավոր է միայն բոլոր քաղաքական խմբերի միջեւ երկխոսության միջոցով՝ երկրի սահմանադրության հիման վրա եւ նոր կառավարություն ձեւավորելու նպատակով։

Հուսեյնն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունն Իրաքում կայունության եւ անվտանգության հաստատման գործում՝ հայտարարելով, որ իր երկիրը կշարունակի ջանքերը՝ Իրանի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ բարելավելու համար:

Անցյալ տարվա ապրիլից Իրաքը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ բանակցությունների հինգ փուլ է անցկացրել հետախուզության եւ անվտանգության ծառայությունների ղեկավարների մակարդակով:

Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ 2016 թվականի հունվարին այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները, զայրացած Սաուդյան Արաբիայի կողմից հայտնի շիա հոգեւորական շեյխ Նիմր Բաքիր ալ-Նիմրի մահապատժից, գրոհով վերցրել էին Թեհրանում նրա դեսպանատունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ