Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կտրամադրի աֆրիկյան ռազմական առաքելությանը Մոզամբիկում, քանի որ իսլամիստների հարձակումները սպառնում են գազային նախագծերին, որոնք նախատեսված են ԵՄ կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից նվազեցնելու համար:
Մոզամբիկը Աֆրիկայում գազի ապացուցված պաշարներով մեծությամբ երրորդն է: Սակայն հարավաֆրիկյան պետությունը 2017 թվականից պայքարում է «Իսլամական պետության» հետ կապված զինյալների դեմ՝ գազով հարուստ իր ամենահյուսիսային նահանգում՝ Կաբո Դելգադոյում:
ԵՄ-ն հայտարարել է, որ կառավարությունները համաձայնել են 15 միլիոն եվրո տրամադրել Մոզամբիկում Աֆրիկայի հարավի երկրների զարգացման համայնքի (SADC) առաքելությանը, որը պայքարում է ապստամբների դեմ:
Ներքին զեկույցում, որին ծանոթացել է Reuters-ը, ԵՄ-ն նախազգուշացրել է հյուսիսային Մոզամբիկում «շատ անկայուն» իրավիճակի մասին՝ չնայած SADC առաքելությանը եւ Ռուանդայի զորքերի առանձին միջամտությանը, որոնց հաջողվել է զսպել զինյալներին:
Ֆինանսական աջակցության մասին հայտարարվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Մոզամբիկը հայտնել է, որ առնվազն վեց մարդ գլխատվել է, իսկ իտալացի միանձնուհին սպանվել է ապստամբների կողմից հյուսիսային Նաամպուլա նահանգում:
Միջոցները գալիս են ի լրումն ԵՄ-ի կողմից արդեն իսկ տրամադրված 1,9 միլիոն եվրոյին եւ Մոզամբիկի զինված ուժերի համար 89 միլիոն եվրոյին: