News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդես է եկել հակահայկական ելույթով, իբր թե  թե հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղվանական ժառանգությունը վանդալիզմի ենթարկում: NEWS.am-իհետ զրույցում  ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը պատմեց, որ հայկական կողմը ցանկացել է կանխել այդ ելույթը, որն  այնուամենայնիվ, կայացել է:

«Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդես եկավ մի մեծ զեկույցով, որ իբր թե հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղվանական ժառանգությունը վանդալիզմի ենթարկում եւ այլն, մերոնք փորձեցին կանխել, կոշտ պատասխանել, բայց ամեն դեպքում, ինչքան ինձ հասանելի է, ադրբեջանցիներն այդ ելույթը ունեցել են: Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ մերոնք, երբ Ադրբեջանը բռնագրավել է 17 թանգարան եւ հավաքածու, առանձին որեւէ զեկուցումով հանդես չեն եկել, ես չգիտեմ, թե ինչու: Ադրբեջանի կողմից դա քաղաքականություն է եւ գիտական հիմնավորվածությունը այդքան էլ կարեւոր չէ, անընդհատ իրենք սուտը կրկնում են, փաստեր են բերում, ինչով մենք անընդհատ զբաղվում ենք: Պետք է համառորեն ցույց տալ, որ իրենք տգետ են, խեղաթյուրում են փաստերը, ուղղակի մենք դա անում ենք ավելի ակադեմիական մակարդակով` բերելով համապատասխան փաստեր»,-ասաց նա: 

Մշակութաբանի կարծիքով` Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության հետ կապված մի «խորամանկ» քաղաքականություն է բանեցնում, որով փորձում է հայկականը ներկայացնել աղվանական եւ այլ ծագման, ամեն ինչ չէ, որ ուղղված է ոչնչացնելուն:

«Մեզ համար ամենադժվարը, ամենածանրը միջազգային հարթակներում Ադրբեջանի եթե չասեմ լպիրշ, ապա գոնե հարձակողական պահվածքն է, ինչն իմ համար զարմանալի է, որ մերոնք չունենք: Մենք ենք տուժվել, ես չեմ ասում, որ մենք մեղքեր չունենք, բայց բացարձակապես համեմատելի չեն, Արցախի իշխանությունները երբեք չեն վարել մահմեդական ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, իսկ իրենք հիմա ոչ միայն այդ ամենը վարում են, այլեւ ամեն տեղ իրենք նախահարձակ են, եւ արդյունքում եթե ամեն ինչ չէ, ապա ինչ-որ բան շահում են: Մենք ավելի զուսպ ենք, վախվորած ենք, հպարտ չենք, կուչ եկած ենք եւ դա վերաբերում է բազմաթիվ ասպարեզներին, դա իմ գիտակցության մեջ չի տեղավորվում: Ես կարծում եմ, որ մենք չպետք է խեղճանանաք եւ համապատասխան ակտիվություն պետք է ցուցաբերենք»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կատարած «վերանորոգման» աշխատանքներին, մշակութաբանը կարծում է, որ փորձ է արվում այն ներկայացնել որպես ուղղափառ եկեղեցի:

«Երբ 1905, հետո 1918 թվականներին երբ որ Շուշիում բախումներ են եղել, հայկական կոտորած է եղել, վնասվել են նաեւ հուշարձանները եւ Ղազանչեցոցի գմբեթի վեղարը փլվել է, եւ մնացել է մեկ քառորդ կլորավուն առաստաղը եւ մեկը ադրբեջանցիներին հուշել է, որ դա շատ նման է ուղղափառ գմբեթին, ինչը տարրական անգրագիտություն է, քանի որ այն չէր կարող այդպես նախագծվել, քանի որ ռուսական ուղղափառ եկեղեցիների գմբեթները ամբողջական գունդ են: Սա ուղղակի ծաղր է, քանի որ եկեղեցին հայկական համայնքի, բնակիչների կողմից է հիմնվել եւ զուտ հայկական է եւ այնտեղ ընդարձակ արձանագրություններ կան: Այսօր գիտական համայնքը փաստեր ներկայացնում է, սակայն կարծում եմ` դա բավարար չէ»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ իրենք զբաղվում են Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերով, հատուկ կայք ունեն, որտեղ պարբերաբար անդրադառնում են ադրբեջանցիների գործողություններին:

«Մեր նյութերը լայնորեն օգտագործվում են զանազան միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն մենք ինքներս անձամբ չենք դիմում որեւէ միջազգային ատյանի որեւէ խնդրով, ուղղակի այդ նյութերը օգտագործվում են: Կարծում ենք, որ սա աշխատանքի ճիշտ բաժանում է եւ կարծում եմ, որ հաջողությունները այս առումով նշանակալի են»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ