News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ–ից, Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները եւ ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել էին ընդգրկվել նշված դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:

Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:

Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում եւս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ