News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի է ունեցել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանի մեծարման երեկոն՝ նվիրված Վարպետի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Վարպետի տարբեր տարիների ուսանողներն ու գործընկերները:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մեծարման երեկոն մեկնարկել է Լաերտ Պողոսյանի ուսանողների պատրաստած ֆիլմով՝ նվիրված Վարպետի գործունեությանն ու ստեղծագործական ուղուն:

«Նայելով այս ֆիլմերը, լսելով ինձ ուղղված խոսքերը՝ ակամայից հիշում եմ հայտնի երգի տողերը. «Իմ տարիներն իմ հարստությունն են»: Որպեսզի տարիները դառնան հարստություն, մարդն անպայման պետք է ճիշտ քայլած, իր կյանքում ճիշտ ներդրումներ արած լինի: Այստեղ՝ դահլիճում, նստածներից շատերն իմ կյանքի, օրերի, տարիների մասնակիցներն են: Նայելով ամեն մեկիդ՝ հիշում եմ անցած տարիներից ինչ-որ մի պահ, ինչ-որ մի դրվագ, հուշ, որոնք կուտակվելով դարձել են տարիներ: Ես սիրում եմ ձեզ, սիրում եմ այդ դրվագներն ու հուշերը,  որոնք իմ հարստությունն են»,- ասել է Լաերտ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել հարազատ միջավայրում կազմակերպված հանդիպում-երեկոյի, սիրելի հիշողությունների և գնահատանքի համար:   

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իր անունից շնորհավորել է Լաերտ Պողոսյանին և նշել. «Սիրելի՛ Վարպետ, անգնահատելի է Ձեր ներդրումն ու վաստակը հայկական կինոյի ոլորտում: Ուզում եմ ասել, որ  կան մարդիկ, որոնք իսկապես հարստություն են, մեր հարստությունն են: Հսկայական ստեղծագործական փորձառություն, ահռելի մարդկային շփումների փորձ, մեծ հիշողությունների շտեմարան. այն աշխատանքը, որ Դուք եք արել, սիրելի՛ Վարպետ, և այն անունները՝ մեծանուն մեր ռեժիսորները, այսօր դասական են համարվում: Առանց այդ աշխատանքի արդյունքի հաստատ մեր հոգևոր նկարագիրը չէր լինի այն, ինչ այսօր կանք, մեր հոգեկերտվածքը չէր լինի այսքան ազգային, որքան այսօր է: Ձեր գործունեության շնորհիվ ամրապնդվել է հենց ազգային շերտը կինեմատոգրաֆում, և Դուք այն մարդկանցից եք, որոնց կենսագրությունը զուգահեռվում է կինեմատոգրաֆի պատմության հետ: Պարզապես անգնահատելի է Ձեր ներդրումը «Երևան» ստուդիայի, այդ կառույցի կայացման և այդտեղ ստեղծված արժեքների գործում: Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն, թող Ձեր քայլվածքը լինի նույնքան անշեղ, ինչպես այսօր է, Ձեր տարիներն ուղեկցվեն խաղաղությամբ և մեր երկրի բարօրությամբ»:

Արա Խզմալյանը, ի նշան երախտագիտության, նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, Լաերտ Պողոսյանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալը՝ Վարպետի 90-ամյա հոբելյանի առիթով և կինոարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նշենք, որ Լաերտ Պողոսյանը 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Հեղինակել է «Սովորի՛ր կինո նկարահանել» աշխատությունը (1966 թ.), «Իմ կյանքի էջերից» (2013 թ.), «Անցած օրերի մտորումներ, էսքիզներ» (2021 թ.) գրքերը:

1980 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հայաստանի կինոգործիչների միության անդամ է:

Ֆիլմագրություն. «Պավել Լիսիցյան» (2001 թ.),  «Երկրորդ ձմեռը» (1990 թ.),  «Արամ Խաչատուրյան» (1983 թ.), «Մեր դարը» (1982 թ.), «Ձորի Միրո» (1979 թ.), «Չարենց» (1974 թ.), «Հայաստանի գագաթները» (1972 թ.), «Մենք» (1969 թ.), «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը» (1967 թ.), «Մատենադարան» (1959 թ.):

Տպել
Ամենաշատ