News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Արամ Նիգոյանը։

Նրանց փոխարեն մանդատները կստանան ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ համարները՝ Աննա Մանուչարյանը, Արտյոմ Պողոսյանը եւ Գագիկ Ասրյանը։ 

Նշենք՝ Բերդ համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսվում է նոյեմբերի 10–ին։ 

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Քանի որ «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ապա ըստ ԸՕ սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Այս դեպքում արդեն համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

«Համայնքապետի նոր թեկնածու ենք առաջադրելու, ընտրություն է լինելու»,- ասաց Արամ Նիգոյանը՝ հավելելով, որ համայնքապետի թեկնածուի անունը դեռ հայտնի չէ։

Սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում, շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետի՝ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը» հաղթել է։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Զորավոր համայնք» դաշինքը ստացել է 5683 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4297 ձայն, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինք էլ՝ 1095 ձայն։ Բերդ խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Զորավոր համայնքը» ունի 11, ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զորավոր համայնք» դաշինքի  անդամների նկատմամբ քրեական  հետապնդումներ են սկսվել։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 24–ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալվել են ավագանու անդամների թեկնածուներ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը, որոնք մեղադրվում են ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։

Սեպտեմբերի 29–ին ձերբակալվեց, իսկ մեկ օր անց էլ կալանավորվեց   նաեւ Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը, որը նույնպես ավագանու անդամի թեկնածու էր։ Սամվել Հովսեփյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, սպառնացել են լուծել Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքային պայմանագիրը եւ ընտրություններից մեկ ամիս առաջ հարկադրել նրան ընդգրկվել «Զորավոր համայնք» դաշինքում եւ դրա օգտին կատարել քարոզչություն՝ հրաժարվելով իր նախընտրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

ՔԿ-ի հաղորդմամբ, տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին եւ չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի եւ գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու եւ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:

Բերդ համայնքի ղեկավար, ինքնաբացարկ հայտնած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը, հիշեցնենք, շուրջ 11 ամիս է՝ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Տեղեկություններ կան, որ Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։

Տպել
Ամենաշատ