News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն աղաղակող եւ բացարձակապես անընդունելի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որը Մոսկվային մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին բախումները «նպատակային սադրելու» համար։

«Աղաղակող եւ բացարձակապես անընդունելի ենք համարում Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։ Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշացնելու Արեւմուտքի հակառուսական գծին եւ վկայում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում Փարիզի շահագրգռված չլինելու մասին եւ կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի կարողությունը։

Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի եւ Երեւանի միջեւ սրման ժամանակաշրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստում էր հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը։ Նշված համաձայնագրով տեղակայված խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել՝ մարդասիրական օգնություն տրամադրել, ենթակառուցվածքներ վերականգնել։ Նրանց օգնությամբ 53 000 փախստական վերադարձել է տուն, զոհվածների ավելի քան 2000 դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ, վնասազերծվել է ավելի քան 25 000 պայթյունավտանգ առարկա։

Հենց Ռուսաստանն է սկսել աշխատանքը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համալիր կարգավորման ուղղությամբ։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղության օրակարգը խթանելու համար՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային միջոցների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու խաղաղության պայմանագրի կնքման, հասարակության եւ փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ։

Փարիզի փորձերը՝ ուղղված Ռուսաստանի եւ մեզ մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների մեջ սեպ խրելուն, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա եւ բազմաբնույթ կապերը, դատապարտված են ձախողման եւ միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ