Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:
Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական չարաշահումների մեղադրանքով օգոստոսի 30-ին ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին:
Օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի պետ Ստեփան Կարախանյանը, ով մեղադրվում էր 57 մլն դրամ արժողությամբ բենզինի յուրացման մեջ:
Կարախանյանին նախօրեին գրավով ազատ էին արձակել, իսկ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Մարգար Օհանյանը: Մեր տեղեկություններով, ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է ՃՈ հաշվառման-քննական բաժնի (ժողովրդի մեջ հայտնի Քանաքեռի ԳԱԻ-ի) պետ, գնդապետ Արթուր Մարգարյանը:
Մեր աղբյուրը հայտնեց, որ Մարգարյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավոր անձանցից է, ով վայելում է ոստիկանապետի անվերապահ վստահությունը:




























