News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասը աշխատանքային օրվա ավարտից հետո կոտրել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  Կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը, նշելով, որ նման գործողության է դիմել շինաշխատանքներ իրականացնող «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն։

«Իրենք երեկ եկել են աշխատանքային ժամից հետո՝ երեկոյան, քանդում են դարպասը ու գցում մեր տարածք։ Մենք մեկ ժամ անց հասնում ենք այստեղ, իրենք թողնում ու հեռանում են։ Ընդ որում, Ոստիկանության ներկայացուցիչ է ներկա լինում պետական գույքի ոչնչացմանը։ Մեր տարածք մտնելու համար մեր թույլտվությունն է պետք, որը մենք չենք տվել»,- ասաց Ռոբերտ Հակոբյանը։

Հակոբյանը պատմեց, որ հոկտեմբերի 30-ին ընկերության ներկայացուցիչներն ասել են , որ ունեն շինթույլտվություն՝ ջրավազանը տեղափոխելու, սակայն փաստաթուղթը չեն ներկայացրել. «Ասացինք՝ ի՞նչ շինթույլտվություն է, ցույց տվեք, ասացին՝ ցույց չենք տալիս, գնացեք քաղաքապետարանից պահանջեք։ Այս շինթույլտվությունը բավականին ուշ ստացանք, որտեղ գրված է՝ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում, մեր հասցեն 26-ն է, 26/1-ը ջրավազանի տարածքն է»։

Ռոբերտ Հակոբյանն ասաց՝ ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ այդ տարածքում որեւէ կառուցապատում չի կարելի թույլ տալ, որովհետեւ կենտրոնի գործունեության հետ անհամատեղելի է. «Այդ ամենը հաշվի չի առնվում, որովհետեւ նույն նախարարությունում գրած է՝ այդ ամեն ինչին մենք դեմ ենք, բայց միաժամանակ հայտնում են, որ այդ գործառույթները մեր ձեռքից վերցված են։ Այստեղ կամ հստակ անգործություն է,կամ ինչ-որ մեկի ուղղորդվածությունն է գնում, որ այս ամենն առաջ տարվի եւ այդ շենքը կանգնեցվի»։

Նա հայտնեց նաեւ, որ իրենք Վարչական դատարանում վիճարկում են Երեւանի քաղաքապետարանի այն որոշումը, որով թույլատրվել է շինաշխատանքներ կատարել կենտրոնի տարածքում։

Հիշեցնենք, որ ծանր 1990-ականներին Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը ջրավազանը հանձնել է թաղապետարանին, իսկ այն օտարել է այդ տարածքը։ Այնուհետեւ այն ձեռքից ձեռք է անցել, եւ ի սկզբանե անօրինական գործարքը 10 տարվա վաղեմության ժամկետով «օրինական» է դարձել։ 2019 թվականին այն ձեռք է բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը նախատեսում է ջրավազանի տեղը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։

Դեռ 1950-ականներին ստեղծված Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի կառույցներից ոչ մեկը պատահական չի եղել, բոլորն ունեցել են իրենց դերը ողջ համալիրում, այդ թվում՝ ջրավազանը, որի գոլորշիները մաքրում էին օդը քիմիական արտանետումներից։

Բարձրահարկ շենքի վերհառնումը հինգ քիմիական մասնաշենքերի արանքում կխաթարի ինստիտուտի ամբողջականությունը, էկոլոգիան, կխանգարի բնականոն գործունեությանը։ Կա եւ հակառակ ազդեցությունը՝ քիմիական լաբորատորիաների առկայությունը անմիջական հարեւանությամբ հազիվ թե հաճելի լինի նոր շենքի բնակիչներին։ Բայց այս փաստարկը եւս չի կանգնեցնում կառուցապատողին, ինչն էլի վկայում է, որ պլաններում ոչ միայն ջրավազանի տարածքի յուրացումն է, այլեւ՝ ողջ քիմիական համալիրի։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ