News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Իրանի ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությունը հրապարակել է հոդված՝ «Նախագահ Իլհամ Ալիեւի հարցերի պատասխանները» վերնագրով, որում սպառիչ պատասխաններ է տվել հարեւան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եւ Իրանի հետ Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին Ալիեւի հարցերին։

Տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս որոշ հարցեր է բարձրացրել Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների մասին։

Նա ասել է, որ աշխատել է Իրանի երեք նախագահների հետ, բայց (ներկայում) լարվածությունը երկու երկրների հարաբերություններում երբեք այսքան բարձր մակարդակի վրա չի եղել։

Պարոն Ալիեւին արժե հարցնել, թե որոնք են երկու հարեւանների միջեւ հարաբերությունների այսօրվա վերելքների եւ անկումների պատճառները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի առաջին հարցը՝ ինչո՞ւ են իրանական զորավարժություններ անցկացվել հյուսիսարեւմտյան սահմաններին։ Մենք պետք է նրան հարցնենք, թե որ երկիրն է բացել զորավարժությունների գլուխն այս տարածաշրջանում։ Մի՞թե Ադրբեջանի Հանրապետությունը չէ Թուրքիայի եւ Պակիստանի հետ միասին զորավարժություններ անցկացրել Նախիջեւանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։ Այդ զորավարժությունները տեղի են ունեցել մինչեւ իրանական զինված ուժերի «Հայբերի զավթումը» զորավարժությունները։

Իրանի զորավարժությունները տեղի են ունեցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, իսկ Ադրբեջանի զորավարժությունները խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ինչո՞ւ պարոն Ալիեւն այդ դեպքում չի դժգոհել այդ զորավարժություններից։

Նա ոչ միայն չի դժգոհել, այլեւ թյուրքալեզու երկրների գագաթաժողովում ներկայացրել է պատմական նկրտումներ հայկական հողերի հանդեպ, հայտարարել է, որ փորձում է ռազմական երթուղին օգտագործել Զանգեզուրի միջանցքը բացելու եւ Հայաստանի մի մասն իր տարածքին միացնելու համար։

Այս գործողությունները նշանակում են տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու, աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ դնելու, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու եւ նոր հակամարտություններ ստեղծելու փորձ, եւ Իրանը չի կարող անտարբեր լինել սրա հանդեպ։

Իրանի քաղաքական եւ ռազմական իշխանությունները հայտարարել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում հարեւաններից ոչ մեկի համար եւ անցկացվում են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու նպատակով։

Ինչպես Իրանն աջակցեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը Ղարաբաղի եւ այդ երկրի յոթ շրջանների հարցում, այդպես էլ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ իր սկզբունքային քաղաքականության հիման վրա, որովհետեւ տարածաշրջանային հակամարտության շարունակումը եւ անվտանգության բացակայությունը հարեւանների հետ խոչընդոտում են Իրանի տնտեսական համագործակցությանը։

Իլհամ Ալիեւի մյուս հարցը, որն ակնհայտ միջամտություն էր Իրանի ներքին գործերին, տրվեց, երբ նա կարծիք հայտնեց Իրանի ադրբեջանախոս շրջանների մասին։

Նա հիանալի գիտի, որ Ադրբեջանի տասը միլիոնանոց բնակչությունն իրանական ծագում ունի եւ կոպտորեն անջատվել է իր հայրենիքից։ Հիմա, եթե նման (սխալ) պատմական նկրտումներ ներկայացվեն, Իրանն ասելու բան կունենա։

Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդունում է Ադրբեջանի Հանրապետության անկախությունը եւ չի ձգտում պատմական հավակնություններ ներկայացնել այդ երկրի հետ բարեկամությունը պահելու նպատակով, եւ ավելի լավ կլիներ, որ պարոն Ալիեւը պատմական հարցերը թողներ պատմաբաններին եւ թույլ տար երկու երկրներին միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ։

Պարոն Ալիեւի երրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին, հարաբերություններ, որոնք նա փորձում է վերածել  խոչընդոտի Հայաստանի դեմ պատերազմում իր հաջողության համար։

Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են հարեւանների հետ Թեհրանի քաղաքականության շրջանակում եւ ուղղված չեն որեւէ այլ երկրի դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը սկզբունքային դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանային իրադարձությունների հարցում եւ աջակցում է իր հարեւանների, ներառյալ Հայաստանը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, տարածքային ամբողջականությանը, այն դեպքում, երբ երկիրը դեմ է աշխարհագրական սահմանների փոփոխությանը։

Ցավոք, Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, որպես իռացիոնալ արձագանք ջանում է հարաբերություններն ամրապնդել օկուպացիոն սիոնիստական վարչակարգի հետ, եւ այս գործողությունը նոր խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի Հանրապետության համար։

Իսրայելի սիոնիստական վարչակարգը բնավ մուսուլմանական պետությունների բարեկամը չէ, հատկապես շիադավան երկրների, եւ այն փորձում է իր ազդեցությունը հաստատել Բաքվում։

Իսրայելը Ամերիկայի օպերատիվ ձեռքն է տարածաշրջանում, եւ Ամերիկան միշտ ձգտել է ստեղծել թավշյա հեղափոխություններ այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանի Հանրապետությունն է, ինչն ընդունել է անգամ պարոն Ալիեւը։

Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տրամաբանական են եւ հենված են հարեւանության քաղաքականության վրա, բայց սիոնիստական վարչակարգի ներկայությունն Ադրբեջանում ուղեկցվում է դավադրությամբ, որը կազմակերպվել է նաեւ Ադրբեջանի հարեւանների հանդեպ։

Ադրբեջանի Հանրապետության հետ Իսրայելի հարաբերությունների ապագան չի կարող ծառայել այդ երկրի շահերին։

Մենք հույս ունենք, որ պարոն Ալիեւը, որը փորձառու մարդ է, կընդունի տարածաշրջանի իրողությունները եւ չի միջամտի հարեւան երկրների գործերին։

Պարոն Ալիեւը գիտի, որ Իրանը ձգտում է բարեկամության հարեւանների հետ, մտադրություն չունի հարձակվել որեւէ երկրի վրա եւ պաշտպանում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, որպեսզի հետեւի իր սկզբունքային դիրքորոշումներին։

Իրանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի Հանրապետությանն ընդունել տարածաշրջանի իրողությունները եւ հասկանալ սիոնիստական վարչակարգի դավերը։

Գործնականում Իրանն ապացուցել է, որ ուշադիր հետեւում է իր թշնամիների, հատկապես օկուպացիոն վարչակարգի տեղաշարժերին, եւ անհրաժեշտության դեպքում Թեհրանն օրակարգում կանխիչ միջոցներ կներառի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
Ադրբեջանի վերջակետը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը. Արթուր Մարտիրոսյան
2020-ի դեկտեմբերից արդեն պարզ էր, թե դեպի ուր է գնալու եւ ինչ է պահանջելու Ալիեւը, եւ շատ տարօրինակ է, որ 4 տարի է՝ Ալիեւը խոսում է «Արեւմտյան…
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հստակեցնում՝ կմեկնի՞ Արարատ Միրզոյանը Բաքու՝ COP 29-ին, թե ոչ
Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք...
Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են…
ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման...
Շոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա...
Ամենաշատ