News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի սահմանին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններից ոգեւորված՝ Ադրբեջանի նախագահը փորձում է նոր կոնֆլիկտ հրահրել Արցախում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով բնապահպանական խնդիրների պատրվակով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը փակելուն։

«Ադրբեջանին հրահրում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների, պատահական չեն Իրանի սահմանին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Ադրբեջանն այսօր ՆԱՏՕ–ի գործիքն է։ Ադրբեջանի նախագահին այսպես ասած՝ աստղայինը տարել է, իրեն թվում է՝ ինքը տարածաշրջանում մեծ խաղացող է։ Այդ զորավարժություններից ոգեւորված՝ փորձում է նոր կոնֆլիկտ հրահրել, օգտագործում է բոլոր գործիքակազմերը նոր ագրեսիա սկսելու համար, որ հետո էլ պատճառաբանի, թե հայկական կողմից են եղել ագրեսիվ գործողություններ»,– ասաց Երվանդ Թարվերդյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է օգտվել այն  հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ուղղությամբ, բայց ապարդյուն, որովհետեւ  ռուս խաղաղապահները այդ միջադեպի ժամանակ  կատարել են իրենց առջեւ դրված պարտականությունները։

Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների հնարավոր տեղադրումը Թարվերդյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի կամակորության հետեւանքն է։ Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն, բեռների վերահսկողություն իրականացնելու նպատակով՝  խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

«Ալիեւը գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով իր պատկերացրած միջանցքը չի լինելու եւ փորձում է շանտաժի գնալ՝ Լաչինի միջանցքում անել դա, որպեսզի դրա դիմաց նույնը ստանա Հայաստանի տարածքում»,– ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, թե հնարավոր է, որ մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն, Երվանդ Թարվերդյանը չբացառեց, որ ինչ–որ զարգացումներ կլինեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, սակայն մինչեւ տարեվերջ պայմանագրի կնքումը ոչ իրատեսական համարեց։

«Միգուցե ինչ–որ թեզեր հաստատվեն, որի հիմքով պետք է կառուցվի խաղաղության պայմանագրի բովանդակությունը, բայց պայմանագիրն աշխատելու համար պետք է այն ընդունելի լինի կողմերի համար։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր իր ագրեսիվ պահվածքով պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը։ Բացի այդ, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին խոսք կարող է լինել, եթե Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորք կա»,– նկատեց Երվանդ Թարվերդյանը։

Անդրադառնալով Արցախի ճակատագրի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ Երվանդ Թարվերդյանն ասաց.

«Մենք ձգտում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը, դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, եւ մենք այլ սկզբունք չենք կարող որդեգրել։ 30 տարի քննարկվել է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախը որպես առանձին պետություն վերջին ժամանակներում միջազգային հարթակներում ավելի ակտիվ է գործում, ինչը ողջունելի է։ Արցախին միայն բյուջեից գումարներ տալով չպետք է սահմանափակվել, պետք է նաեւ դիվանագիտական հարթակներում պաշտպանել Արցախի շահերը»։

Տպել
Ամենաշատ