Մատենադարանի նորակառույց մասնաշենքի բացումը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 20-ին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը՝ թղթակցի հետ շրջայց կատարելով Մատենադարանի նորակառույց մասնաշենքում։ Ներկայումս մասնաշենքում ավարտին են հասցվում կահավորման եւ հարդարման աշխատանքները:Մատենադարանի նոր մասնաշենքի հնարավորությունները բազմաթիվ են։
Գ. Գասպարյանի խոսքով՝ նոր մասնաշենքը հագեցած է նորագույն ինժեներական համակարգերով՝ անվտանգության, հակահրդեհային, օդափոխության, ջերմաստիճանի պահպանման։ «Նոր մասնաշենքը նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի եւ գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար»,-ասաց Գ. Գասպարյանը՝ նշելով, որ համապատասխան բաժինները կունենան տեխնիկական եւ տարածքային առավել լավ պայմաններ։
Նոր մասնաշենքում կգործի նաեւ 200 հոգու համար նախատեսված դահլիճ՝ տեսահամակարգերով եւ 4 լեզվով միաժամանակյա թարգմանություն կատարելու հնարավորությամբ։ Նոր սարքավորումների օգնությամբ հնարավոր կլինի դահլիճում ֆիլմերի դիտումներ, տարբեր գիտաժողովներ եւ շնորհանդեսներ կազմակերպել։ Գ. Գասպարյանի տեղեկացմամբ՝ միայն դահլիճի սարքավորումներն արժեն մոտ 40 հազ դոլար։ «Նմանատիպ դահլիճ ունենալու հնարավորությունը չափազանց կարեւոր է Մատենադրանի համար, քանի որ այստեղ անցկացվող գիտաժողովներին գալիս են մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից»,-ասաց Գ. Գասպարյանը։
Նշենք, որ Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս երկու տարի առաջ։
Շենքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 14 մլն դոլար, որը ներդրվել է մի քանի հովանավորների կողմից։ Մատենադարանի նորակառույց մասնաշենքի գլխավոր ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։


























