News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հայտնի ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի` France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ տրված հարցազրույցը, որը լուրջ արձագանք էր գտել թուրքական մամուլում եւ հայկական որոշակի շրջանակներում:

Ձեր «Մի դռնից մյուսը» գրքում, Հայոց ցեղասպանության մասին ասում եք. «Ցեղասպանությունը մի բառ է, որը խանգարում է»:

Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, եւ որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ:

Իսկ ինչո՞ւ է թուրքերի համար այդչափ դժվար ճանաչել այդ ողբերգությունը:

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ հարցի հիմնական մասն այստեղ է: Մեկ անգամ ընդմիշտ պետք է նրանց հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում: Միայն ինքդ քեզ պաշտպանելով չի, այլ նաեւ պետք է ընդունել եղելությունը, նաեւ նրա համար, որ երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործ:

Մեկ եւ կես միլիոն, սա հսկայական թիվ է մի փոքր երկրի համար:

Երկու կամ մեկ ու կես միլիոն, նույնն է: Ես ավելի լայն եմ նայում: Երբ սպանում են երկու երեխայի կամ մեկ եւ կես միլիոն հայի կամ վեց միլիոն հրեայի, նույնն է: Սպանել են: Ցանկացել են սպանել: Սա է կարեւորը:

Եւ այդ բոլոր անմեղ զոհերը մնացել են առանց գերեզմանի:

Այո, դա է ինձ ցավ պատճառում: Դեյր-էլ-Զորում կան վայրեր, որտեղ մինչեւ օրս փոշիների մեջ, ավազի մեջ ոսկորներ են գտնվում:

Ավելի վաղ, այս հարցազրույցի կապակցությամբ, որի մասին գրել է թուրքական Milliyet-ը, ՀՅԴ կուսակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ թուրքական մամուլը հերթական անգամ խեղաթյուրել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի խոսքերը:

«Ամեն անգամ Թուրքիայի եւ թուրքերի մասին խոսելիս Շառլ Ազնավուրը փորձում է չափավոր ելույթներ ունենալ։ Այս դեպքում եւս նա փորձել է զանազանել թուրք անհատներին եւ թուրքական պետությունը։ Բայց այնպիսի արտահայտություն, թե «Ցեղասպանություն բառն ինձ խանգարում է», շանսոնյեն չի արել, նա նման բան չի ասել։ Թուրքերը խեղաթյուրել են նրա խոսքերը։ Ազնավուրը միայն ասել է, որ իր համար ինչպես մեկ, այնպես էլ մեկուկես միլիոն հայերի սպանությունը նույնքան անթույլատրելի է։ Նա այդ հաղորդման ժամանակ ասել է, որ արդարություն պետք է լինի»,- ասաց Հիլդա Չոբոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ