News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն։ Դա կլինի վարչապետին ենթակա գերատեսչական մարմին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին, «Արտաքին հետախուզության գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրինագծերի  փաթեթի եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին քննարկումների ժամանակ ասել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ծառայության ստեղծումը նախատեսված էր կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագրով։ Օրենսդրական փաթեթով սահմանվում են ծառայության լիազորությունները, կառուցվածքը եւ համակարգը, ծառայության ացնելու, ծառայելու եւ ազատվելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ ԱՀԾ աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները։

«Հայաստանում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է ձեւավորել «հետախուզական հանրույթ»,- նշել է Գրիգորյանը։

Բայց ծառայությունն ԱՀԾ-ում չի համարվելու զինվորական ծառայություն։ Դա, օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով, կստեղծի ավելի լայն հնարավորություններ մասնագետների ներգրավելու համար։ «Բացի այդ, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կդառնա Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամ»,- պարզաբանել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Օրենսդրական փաթեթի համաձայն՝ ԱՀԾ ղեկավարը, վարչապետի հետ համաձայնեցմամբ, կհաստատի հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, որոնք օգտագործվելու են համապատասխան նպատակներով։ Ընդ որում՝ այդ հատուկ միջոցների օգտագործումն այլ պետական մարմիների, ինչպես նաեւ ստորաբաժանումների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից, որոնք ներառված չեն արտաքին հետախուզությունում, կարգելվի։

ԱՀԾ-ից զատ՝ արտաքին հետախուզություն կշարունակեն իրականացնել պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները։ Սակայն, ինչպես արդեն վերը նշվեց, այդ ամենն արդեն կհամարվի զինվորական ծառայություն։

Օրենսդրական փաթեթով սահմանվում է նաեւ գործակալական ցանցերի ստեղծման եւ ձեւավորման կարգը։ Մասնավորապես, թույլատրվում է որպես այդպիսին ներգրավել չափահաս մարդկանց։ Ընդ որում՝ կարգելվի որպես համագործակցող անձ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատավորներին, դատախազներին եւ հանրապետության օմբուդսմենին։

Օրենսդրական նախաձեռնությամբ թույլ է տրվում համագործակցություն ԱՀԾ-ի հետ «աջակցող անձանց»՝ ինչպես պայմանագրային հիմքով, այնպես էլ առանց պայմանագրի կնքման։ Սակայն պայմանագրային կամ արտապայմանագրային հարաբերությունների սահմանման կարգը եւ հիմքերը, նրանց կողմից իրականացվող միջոցառումների ծավալը եւ դրանց իրականացման կարգը նույնպես կսահմանվեն կառավարության ղեկավարի կողմից։

Բացի այդ, վերոնշյալ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման նպատակով կիրականացվեն հատուկ միջոցներ՝ ուղղված նրանց պահպանությանը։

«ԱՀԾ-ն  իրավունք ունի թաքցնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են շինություններին եւ տրանսպորտային միջոցներին՝ կապված կազմակերպության, պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի ստորաբաժանումների, ինչպես նաեւ այն անձանց գործունեության հետ, որոնք համագործակցում են ծառայության հետ։ Ամբողջ տեղեկատվությունը  կկոդավորվի եւ կմտցվի պետական տեղեկատվական համակարգեր»,- եզրափակել է Արմեն Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ